Լոռու մարզի Օձուն գյուղում մարզաառողջարանային կենտրոն է կառուցվում։ Ծրագրի պատասխանատուները նախատեսում են շինարարությունն ավարտել մինչեւ տարեվերջ։ Թե երբ շահագործման կհանձնվի կառույցը, հայտնի չէ։
Որպես հանքարդյունաբերության ազդակիր համայնք՝ Օձունը վերջին անգամ նախորդ տարի է ՀՀ Կառավարությունից մոտ 80 մլն դրամ բնապահպանական սուբվենցիա ստացել։ Ալավերդու պղնձաձուլարանի երկարատեւ գործունեության հետեւանքով առաջացած բնապահպանական եւ առողջապահական խնդիրները լուծելու նպատակով համայնքի ավագանին որոշել էր նշված գումարը ծախսել Օձուն բնակավայրում մարզաառողջարանային կենտրոն կառուցելու եւ Հագվիում արեւային էներգիայի կայան տեղադրելու համար։
Մոտ 500 քմ տարածքով մարզական համալիրի կառուցման նախահաշվային գումարը 208 մլն դրամ է։ Համայնքապետարանում որոշել են օգտվել սուբվենցիոն ծրագրի՝ պետություն-համայնք համաներդրման հնարավորությունից եւ մարզաառողջարանային կենտրոնի կառուցման ծրագրում որպես սեփական ներդրում օգտագործել բնապահպանական սուբվենցիայի գումարը։
«Դա Օձունի վերջին բնապահպանական սուբվենցիոն գումարն էր ու բավականին մեծ էր նախորդ տարիների գումարից։ Եվ քանի որ մարզական կենտրոնի նախահաշվային գումարն էլ մեծ էր, որոշեցինք շինաշխատանքները կատարել երկու փուլով՝ երկու տարվա ընթացքում երկու անգամ դիմելով պետական սուբվենցիայի համաֆինանսավորմանը»,- ներկայացնում է նախկին Օձուն համայնքի ղեկավարի տեղակալ Արմինե Միքայելյանը։
Ծրագրի առաջին՝ արդեն ավարտված փուլում համայնքապետարանը 115 մլն դրամ է ծախսել, որից 72,5 միլիոնը կամ 60%-ը համայնքի ներդրումն է եղել։ Այս տարի իրականացվող երկրորդ փուլի աշխատանքների նախահաշվային արժեքը 93 մլն դրամ է, որից 51 միլիոնը կամ 55%-ն է եղել համայնքի մասնաբաժինը։
Մարզաառողջարանային կենտրոնի կառուցման երկու փուլերում գումարը բացառապես ուղղվել է կառուցապատման, արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքներին։ Շենքը կառուցել է Երեւանում գրանցված «ՄՄՎ ՇԻՆԳՐՈՒՊ» ընկերությունը, իսկ Օձունի «ՕՁՈՒՆ ՏՈՒՐ» ՍՊԸ-ն միջնապատերի կառուցումը, արտաքին ու ներքին հարդարումն է կատարում։
«Մինչեւ տարեվերջ ներսի կոսմետիկ վերանորոգումն ավարտած կլինենք, արտաքին երեսպատման մի մասը կմնա, որ նախատեսված է արդեն երրորդ փուլով։ Այդ փուլում նաեւ շենքի տարածքը կցանկապատվի։ Այս պահին 20 աշխատող ունենք, հնարավորինս շատ մարդկանց ենք ներգրավում, որ հասցնենք ժամկետների մեջ տեղավորվել»,- ասում է «ՕՁՈՒՆ ՏՈՒՐ» ՍՊԸ տնօրեն Սարգիս Դավթյանը։
Մեծ մարզադահլիճ, ֆիզիոթերապեւտիկ, ֆիթնես եւ վիտրաժային սենյակներ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, հանդերձարաններ, նաեւ 215 քմ տարածքով ապաստարան․ 2023-ին մարզաառողջարանային կենտրոնի շենքն այս կառուցվածքով պատրաստ կլինի շահագործման։
Այսօր թերեւս ոչ ոք չի կարող ժամկետներ նշել, թե երբվանից կգործի մարզական կենտրոնը։ Գույքի, մարզասարքերի եւ ընդհանրապես շենքի կահավորման հարցը լուծված չէ։
Ըստ նախկին Օձուն համայնքի ղեկավարի տեղակալ Արմինե Միքայելյանի՝ որոշել էին դիմել միջազգային կառույցների, դոնոր կազմակերպությունների, որովհետեւ մեծ ծախսերի խնդիրը համայնքի բյուջեով հնարավոր չէր լինի լուծել։
Բացի այդ՝ համայնքապետարանում նախատեսել էին, որ Օձունի մարզաառողջարանային համալիրն առանձին կազմակերպության կարգավիճակ էր ունենալու եւ հիմնական մարզական խմբակներից բացի վճարովի ծառայություններ էր մատուցելու։ Դա էլ իր հերթին կթեթեւացներ բյուջեից արվող հետագա ծախսերը։
Ինչ վերաբերում է մասնագետներին, հատկապես տարածաշրջանի՝ հենաշարժողական խնդիրներով այցելուներին սպասարկելու համար, Արմինե Միքայելյանը նշում է՝ անհրաժեշտության դեպքում նման մասնագետների պետք է դրսից հրավիրեին։
Օձունում մարզական կյանքը հիմա գյուղի ֆուտբոլի թիմն ու կարատեի խումբն են ապահովում։ Վերջինը գործում է մշակույթի տան շենքում։ Մարզական խմբակներ չունենալու իրողությունն, ըստ Արմինե Միքայելյանի, ուղիղ համեմատական է գյուղում համապատասխան տարածքներ չունենալուն։ Իսկ առողջարանն ուղղակի անհրաժեշտություն է հատկապես պատերազմից հետո, երբ համայնքում եւ տարածաշրջանում ավելացել է ֆիզիկական խնդիրներ ունեցողների թիվը։
Մինչ Օձունի համայնքապետարանը նոր ներդրումներ էր փնտրելու, 2022-ի սեպտեմբերին վարչատարածքային նոր բաժանմամբ Օձուն համայնքը միացավ Ալավերդի համայնքին, ինչին հաջորդեցին ՏԻՄ ընտրությունները։
Հիմա արդեն Օձունի մարզաառողջարանային կենտրոնի կահավորումն ու հետագա շահագործումն Ալավերդու համայնքապետարանի ձեռքում են։
«Մենք Օձունից ավագանու անդամներ ունենք խոշորացված համայնքի ավագանու կազմում, որոնք խնդիրը կներկայացնեն ավագանու քննարկմանը։ Նույնիսկ եթե չշարունակենք աշխատանքը համայնքապետարանում, ուշադիր պիտի լինենք, միջազգային կառույցների դիմենք, փորձենք իրագործել այս ծրագիրը», — նշում է Արմինե Միքայելյանը։
Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանն «Ալիք Մեդիա»-ին հայտնեց, որ նշված ծրագիրը մանրամասն դեռ չի ուսումնասիրել։ Բացի այդ, համայնքների միավորման նոր գործընթացով պայմանավորված՝ 2023-ի բյուջեի կազմման աշխատանքները չեն մեկնարկել։ Հունվարին նոր միայն համայնքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը պատրաստ կլինի։ Համայնքապետը նշեց նաեւ, որ ենթադրաբար նոր բյուջեի հետ կապված խնդիրներ կունենան, որովհետեւ Ալավերդուն միացած որոշ համայնքներ իրենց բյուջեներում դեֆիցիտային պարտքեր ունեն։ Այսինքն՝ ֆինանսական մուտքեր չունենալու պատճառով նախկին համայնքները չեն վճարել այս կամ այն կառույցին իրենց պարտքերը, եւ խոշորացումից հետո այդ պարտավորությունը փոխանցվել է Ալավերդի համայնքին։
Բայց դա չի նշանակում, որ համայնքապետարանը մարզական կենտրոնի ծրագիրն ավարտին չի հասցնելու։ Մեծ ներդրումներ են անհրաժեշտ, որոնք, ըստ Արկադի Թամազյանի, կփորձեն ձեռք բերել միջազգային ծրագրերի միջոցով։
Ստացվում է, որ 200 միլիոն եւ ավելի ներդրումով կառուցված Օձունի մարզաառողջարանային կենտրոնն առաջիկա գոնե մեկ-երկու տարում չի գործելու։ Մինչեւ նոր ծրագրեր եւ ներդրողների գտնելը այն սոսկ որպես նորակառույց շինություն կմնա։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։