Նոյեմբերի 25-ին մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրը։ Իրանի հավաքականն անչափ լարված պայքարում նվազագույն հաշվով հաղթել է Ուելսի ազգային թիմին, որը Հայաստանի ընտրանու մրցակիցն է Եվրոպայի 2024-ի առաջնության ընտրական փուլում։
Առաջին խաղակեսն անցել է ուելսցիների տարածքային առավելությամբ, սակայն նրանք չկարողացան օգտագործել այն։ Երկրորդ կեսում արդեն ավելի ակտիվ էին իրանցի ֆուտբոլիստները։ Սկզբում նրանց երկու հարվածները հետ մղվեցին դարպասաձողից։
Իրանի հավաքականի համառությունը, այնուամենայնիվ, արդյունք է տվել։ Նախ նրանք ստիպել են սխալվել ուելսցիների հիմնական դարպասապահ Հենեսիին, որը վերջին հույսի խախտման համար հեռացվել է դաշտից։ Իրանցիներն էլ ավելի են մեծացրել ճնշումը ուելսցիների դարպասի վրա, եւ ավելացված ժամանակում երկու անգամ գրավել են այն։ Աչքի են ընկել փոխարինման մտած Չեսման ու Ռեզային։
Իրանի հավաքականը, հաղթելով 2։0 հաշվով, վաստակել է 3 միավոր եւ հավասարվել խմբի առաջատար Անգլիային, որին պարտվել էր առաջին տուրում 2։6 հաշվով։ Ուելսի ընտրանին վաստակած մեկ միավորով այժմ եզրափակում է աղյուսակը։