Երեւանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովն ավարտվեց ֆիասկոյով։ Եվ դա ամենեւին չափազանցություն չէ, դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական գնահատականն է։
Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթուղթը ստորագրելուց եւ վավերացնելուց, որտեղ ոչ մի տեսակ քաղաքական ու դիվանագիտական գնահատական չի տրվում ՀՀ սուվերեն տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիային։ Հատկապես որ ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովից առաջ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առանց սեթեւեթանքի հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը։
Զարմանալի, բայց միեւնույն ժամանակ սառնասրտության հասնող ցինիկ է պաշտոնական Մոսկվայի արձագանքը. «Գագաթնաժողովը, չնայած ողջ բարդությանը, չնայած այն բանին, որ, ինչպես ղեկավարներն ասացին իրենց ելույթների ժամանակ, ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր, եւս մեկ անգամ հաստատեց այս ձեւաչափի՝ ՀԱՊԿ-ի արդիականությունն ու կենսունակությունը։ Հայաստանը, իհարկե, կմնա ՀԱՊԿ-ում՝ չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է եղել»,- հայտարարում է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։
Հայաստանն, իհարկե, ըստ Պեսկովի, փախչելու տեղ չունի, բայց արդյո՞ք ամեն ինչի ալֆան ու օմեգան ՀԱՊԿ-ն է, եւ մի՞թե փչացած ռադիոյի պես գիշեր-ցերեկ «ՀԱՊԿ» աղաղակելն ու հայհոյելը չի խաթարում մեր բանականությունը՝ շեղելով մեզ իրական օրակարգից եւ կեղծ թիրախներով զբաղեցնելով մեր հանրային կյանքը։
Կասեք՝ իսկ ի՞նչ է իրական օրակարգը, եթե ՀԱՊԿ-ինը կեղծ կամ մանիպուլյատիվ է։ Իրական օրակարգը, կպատասխանեմ, Ռուսաստանի՝ որպես մեր փաստաթղթավորված դաշնակցի ու նրա պարտավորությունների մոռացում/սառեցումն է։ Մանավանդ, ինչպես նշել ենք նախորդ մեր հոդվածներում, Ռուսաստանը, նաեւ խախտելով 1997-ի պայմանագիրը, դաշնակցային հարաբերություններ է հաստատել նաեւ մեր հակառակորդ Ադրբեջանի հետ։
Ի վերջո, երբ իշխանությունները, նրանց մերձ երգչախմբերն ու պետպատվերով փորձագետները գիշեր ու զօր խոսում են ՀԱՊԿ-ից, դրա քաղաքական գնահատականներից, Ադրբեջանի կողմից մեր օկուպացված տարածքների վերաբերյալ գնահատական տալուց, փոքրիկ մի նյուանս են մոռանում, որ մեր ուղիղ, ոչ միջնորդավորված դաշնակիցն իր պարտավորությունները չի կատարում, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» պայմանագիրը դե ֆակտո զրոյացնում է, իսկ մենք, այդ ուղիղ փաստաթուղթն ու դրանից բխող խնդիրները թողած, կպել ենք ինչ-որ կիսամեռ ՀԱՊԿ-ից ու պոկ չենք գալիս։
Մանավանդ որ բոլորի համար էլ ի սկզբանե պարզ է եղել, որ ՀԱՊԿ-ը ոչ թե անվտանգության ու պաշտպանության փոխադարձ դաշինք է, այլ Ռուսաստանից ապահովագրվելու, պաշտպանվելու, ՆԱՏՕ-ի կապկմամբ անբովանդակ մի հավաքատեղի։
Ըստ 1997 թվականի պայմանագրի հոդված 2-ի՝ կողմերը «անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման եւ խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձեւերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մեկ Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»։
Ուրեմն, թողած գործող պայմանագիրը, առանց միջնորդների, առանց Ադրբեջանի բարեկամների, առանց տարատեսակ լուկաշենկոների ու «թուրքական» պետությունների, մենք շարունակում ենք ՀԱՊԿ-ի երգը երգել։ Դիմում ենք ՀԱՊԿ-ին, հետո, երբ գագաթնաժողովում Հայաստանը մերժում է ամփոփիչ փաստաթուղթը ստորագրել՝ դրանով ազատելով ՀԱՊԿ-ին պատասխանատվությունից եւ ցույց տալով մեզ՝ որպես հակահապկական դիրքորոշում ունեցողի, ստացվում է, այդ ոչ թե ՀԱՊԿ-ը մեզ չի օգնում, այլ մենք չենք ստորագրում ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթը՝ սիմվոլիկ առումով քար գցելով այդ կառույցի վրա, բայց դե ֆակտո փրկելով զառամյալ նախագահների այդ բուտաֆորիկ միության հեղինակությունը եւ, նախ եւ առաջ, կրկին Ռուսաստանի դեմքը։
Այսինքն՝ Հայաստանին սիմվոլիկ, հոգի վեհացնող, բայց ոչինչ չտվող հաղթանակ, իսկ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին՝ դե ֆակտո խայտառակությունից խուսափում ու դաշնակից Ադրբեջանի հետ հարաբերությունների պահպանում։
Ցավոք, պետք է ընդունենք, որ արդյունքում, որքան էլ խոսենք ՀԱՊԿ-ից ու փորձենք վերակենդանացնել մեռելածին ու ֆեյք կառույցը, այդ քայլերով կամա թե ակամա լեգիտիմացնում ենք Ռուսաստանի անգործությունը, նրա ուղիղ պատասխանատվության «մոռացումը», խոսում ենք միայն ՀԱՊԿ-ից, որովհետեւ ստացվում է, որ, կարծես, Ռուսաստան եւ 1997-ի պայմանագիր գոյություն չունի ու չի էլ եղել։
Չարժի այս ամենի մեջ դիտավորություններ եւ դավադրություններ փնտրել, բայց փաստը մնում է փաստ, որ որքան խոսվում է ՀԱՊԿ-ի պատասխանատվությունից, այդքան մոռացվում կամ անտեսվում են Ռուսաստանի ուղղակի պարտավորություները։
Իսկ Ռուսաստանը շուրջ 9 ամիս է, ինչ «թաղվել» է ուկրաինական պատերազմում, եւ նույնիսկ սեփական նպատակներին հարիր անհրաժեշտ ռազմարդյունաբերական հզորություններ չունի, եւ այս դիտանկյունից էլ շատ հարմար է, Ռուսաստանի միջազգային վարկը չխաթարելու համար, հավելյալ մեխ մխել ՀԱՊԿ-ի դագաղին, բայց անձեռնմխելի թողնել Ռուսաստանի վարկը։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։