Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում մենամարտել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավայի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել՝ արժանանալով ոսկե մեդալին:
Երիտասարդական ԱԱ-ի մեկնարկում Իսրայելյանը մենամարտել էր Ասիայի չեմպիոն, հնդիկ Հարշ Հարշի հետ եւ ժամանակից շուտ հաղթանակ տարել՝ 2-րդ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Այնուհետեւ Իսրայելյանը 5:0 հաշվով առավելության էր հասել գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյի նկատմամբ։
60 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 18-ամյա բռնցքամարտիկը մենամարտել էր մեքսիկացի Ռաուլ Էրերա Ագիլարի հետ եւ երրորդ ռաունդում հաղթանակ տարել նոկդաուններով՝ 4:0: Կիսաեզրափակիչում էլ Իսրայելյանը մրցել էր Անգլիայի ներկայացուցիչ Նելսոն Բիրչարի հետ եւ բոլոր երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր դարձյալ 5:0 հաշվով:
Աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցել է ավելի քան 460 բռնցքամարտիկ, նրանց թվում՝ 10 մարզիկ Հայաստանից՝ Թումաս Թովմասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ) Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) եւ Ավետիք Հովակիմյանը (92 կգ):
Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալների համար պայքարից։