Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային համաժողովում բարձրացրել է Իրանի դպրոցներում ադրբեջաներենով դասավանդման հարցը։
Ըստ Ալիեւի՝ «իրենց մայրենի լեզվով խոսող Իրանի ազերիները կորցնում են լեզվի գրական բաղադրիչը, ադրբեջաներենը մնում է միայն կենցաղային մակարդակում»։
Ադրբեջանի նախագահը անընդունելի է համարել այն փաստը, որ Իրանում կան հայկական դպրոցներ, սակայն չկան ադրբեջանական դպրոցներ։ Նա նշել է, որ Ադրբեջանում գործում է վրացական 10 դպրոց, 340 դպրոցներում էլ ուսուցումն արվում է ռուսերենով։
«Վրաստանում ադրբեջանական 116 դպրոց կա։ Իրանում կան դպրոցներ, որտեղ ուսուցումն արվում է հայերեն, բայց չկան դպրոցներ, որտեղ դասերն ադրբեջաներենով են։ Ինչպե՞ս կարող է դա պատահել»,- ասել է Ալիեւը։