Չորսամյա Էլինայի ամենասիրելի ընկերն իրենց բակի շունն է: Աղջնակն օրվա մեծ մասն անցկացնում է ընտանիքի հավատարիմ բարեկամի հետ: Բայց հիշեցնում է՝ բանակում ծառայող եղբոր շունն է. ինքն է պահում, մինչեւ եղբայրը վերադառնա:
Վայոց ձորի Վարդահովիտ գյուղում մշտական բնակվող մոտ տասը ընտանիքներից մեկի դուստրն է Էլինան: Գյուղում հասակակիցները քիչ են, ստիպված ինքն իր համար խաղեր է հորինում, օրն անցկացնում:
Տան չորս երեխաներից ամենափոքրն է: Եղբայրներից Արմանն էլ տասնհինգ տարեկան է, վերջերս է ավարտել գյուղի հիմնական դպրոցը: Վարդահովիտում մանկապարտեզ կամ նախակրթարան չկա: Հարեւան գյուղերից մեկի մանկապարտեզ տանելն էլ ընտանիքի համար թանկ հաճույք է: Բացի դրանից՝ գյուղում տարվա կեսը ցուրտ ու ձյունառատ ձմեռ է, տեղաշարժը դժվար է, երբեմն էլ՝ անհնար:
Ընտանիքի միակ եկամուտը հոր աշխատավարձն է՝ մոտ 70000 դրամ: Չգիտեն՝ այդ գումարով կոմունալ վճարումնե՞ր անել, երեխաների կարիքնե՞րը հոգալ, թե՞ հասցնել անհրաժեշտ դեղորայքի գոնե մի մասը գնել:
Գրեթե 6-ամսյա ձմեռներին երկու փոքրիկ կիսաքանդ, խոնավ սենյակները ընտանիքը տաքացնում է անտառից բերված փայտով: Ծառահատում չի թույլատրվում. չորացած ճյուղերն են հավաքում, բերում: Ամեն ձմեռն անցկացնելուց հետո սկսում են հաջորդի մասին մտածել: Մի քանի տաք ամիսները Վարդահովիտում արագ են անցնում:
Բազմազավակ մայրը՝ Լեյլի Միխայլովը, դժվարանում է թվարկել առողջության բոլոր խնդիրները: Ընդամենը 40 տարեկանում հասցրել է մի քանի լուրջ խնդիր ձեռք բերել, բայց միայն ախտորոշումները գիտի. բուժվելու համար ո՛չ հնարավորություն կա, ո՛չ ժամանակ:
Հարեւան գյուղերում թե սեզոնային աշխատանքներ են լինում, գնում, բերքահավաքին է մասնակցում: Դրանք ընտանիքի ամենասիրելի օրերն են. հասցնում են ձմռան կարտոֆիլի հարցը լուծել:
Լեյլին անընդհատ ծեծում է համայնքապետարանի դուռը, որ մի գործ լինի, աշխատանք տան: Ասում է՝ օգնություն չեն ուզում, աշխատանք լինի՝ կապրեն: Վարդահովիտի վարչական ղեկավար Սամվել Գեւորգյանը լսում է խնդիրները, բայց առաջարկ չունի: Գյուղում միայն հիմնական դպրոց ու վարչական կենտրոն կան: Երկուսը միասին մի քանի հաստիք են առաջարկում: Դպրոցում էլ գյուղից ընդամենը մի աշխատող կա: Ասում է՝ աշխատատեղ լինի, կառաջարկեն:
Տասնհինգամյա Արմանի երազանքը սպորտով զբաղվելն է եղել: Այդպես էլ սիրելի բռնցքամարտի խմբակին հաճախել չի ստացվել: Մայրը հիշում է՝ որոշել էին ուղարկել, բայց ամուսինը վնասվածք էր ստացել, եւ այդ 70000 դրամ աշխատավարձից էլ երկար ժամանակ զրկվել էին: Արցունքները դժվարությամբ է զսպում՝ ինչու իր տղան չպիտի կարողանար գոնե միջնակարգ կրթություն ստանալ:
Ընտանիքը նպաստառու է եղել. ամսական մոտ 30000 դրամն այս ընտանիքում որոշիչ է եղել: Լեյլին ասում է՝ գոնե մատից մի փուշ հանում էր: Հիմա դա էլ են կտրել՝ փաստաթղթերի պատճառով: Հույս ունեն՝ այդ հարցը գոնե կկարգավորվի, ձմռան ամիսները մի քիչ կհեշտանան:
Խոնավ պատերի ներսում մեծացող Էլինայի աչքերն էլ հաճախ խոնավ են: Փոքրիկ աղջնակն իր գործը՝ շան հսկողությունը, պատասխանատվությամբ է կատարում, բայց երբեմն ընկերների պակասից ճնշվում է: Մանկապարտեզ է ուզում գնալ, հասակակիցների հետ պահմտոցի խաղալ ու տիկնիկներ ունենալ:
Լեյլին հույսը դրել է բանակում ծառայող որդու վրա. կգա, կաշխատի, իրենց թեւ-թիկունք կլինի: Բայց վստահ չէ, թե Վարդահովիտում կմնա. գյուղում աշխատանք չկա, գա, ինչո՞վ զբաղվի: Պետական ու մասնավոր որեւէ աջակցություն էլ չկա 2020-ից հետո սահմանամերձ դարձած գյուղը պահողներին:
Ընտանիքի մայրը վստահեցնում է՝ Վարդահովիտը շատ են սիրում, բայց ցավով էլ փաստում՝ գյուղում մնացել են միայն նրանք, որոնք պարզապես գնալու հնարավորություն չունեն:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: