«Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Բուհերում եզդի աղջիկները շատ չէին։ Եզդիական համայնքում կարծրատիպեր կային, ասում էին՝ եզդի աղջկան լրագրող լինելը չի սազում։ Այդ կարծիքները, բարեբախտաբար, ինձ ու ծնողներիս վրա չազդեցին։ Բակալավրիատն ավարտելուց հետո նաեւ մագիստրատուրա ընդունվեցի»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմում է Զուզան Խուբոյանը։
Մագիստրոսական կրթություն Զուզանը ստացել է Պետական կառավարման ակադեմիայում՝ ձեռք բերելով քաղաքական վերլուծաբանի մասնագիտական որակավորում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է տարբեր ոլորտներում, եւ այդ ճանապարհին նրա ազգային պատկանելությունը խոչընդոտ չի եղել։
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից ամենամեծը եզդիական համայնքն է։ Մեր երկրում ապրում է 35 308 եզդի։ Հիմնականում բնակվում են Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Հայաստանում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է, երեխան հիմնական՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է ընդունվի ավագ դպրոց՝ 10-12-րդ դասարաններ, կամ ուսումը շարունակի նախնական կամ միջին մասնագիտական հաստատությունում։ Այս առումով Հայաստանի եզդիական համայնքում առկա են մի շարք կրթական խնդիրներ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ կան եզդի երեխաներ, որոնք անգամ 9-ամյա կրթություն չեն ստանում։
Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության՝ «Ալիք Մեդիա»-ին տրամադրած տվյալների՝ Հայաստանի Հանրապետության 335 դպրոցում սովորում է 3346 եզդի երեխա։
2019-2020 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտել է 333, 12-րդ դասարանը՝ 84 եզդի երեխա։
2020-2021 թվականին 9-րդ դասարանն ավարտել է 372, 12-րդ դասարանը՝ 110 եզդի երեխա։
2021-2022 թվականներին 9-րդ դասարանն ավարտել է 354, 12-րդ դասարանը՝ 128 եզդի երեխա։
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2021-2022 ուսումնական տարվա տվյալներով սովորել է 45 եզդի ուսանող (40-ը՝ բակալավրի կրթական ծրագրով, 5-ը՝ մագիստրոսական)։
Զուզանը, մի քանի հասարակական կազմակերպության հետ համագործակցելով, իրականացրել է ծրագրեր, որոնք միտված են եղել բարձրացնելու կանանց եւ աղջիկների իրավագիտակցությունը։ Բացի այդ՝ կազմակերպվել են դասընթացներ կրթության կարեւորության եւ մանկական ամուսնությունների վտանգների մասին։ Նա գործնականում համոզվել է՝ տարիների համառ աշխատանք է պետք եզդիների շրջանում կարծրատիպերը կոտրելու համար, եւ այն, ինչ արմատացել է դարեր շարունակ, միանգամից վերացնել հնարավոր չէ։
Կան բազմաթիվ ծնողներ, որոնք կրթության կարեւորությունը ստորադասում են ազգային սովորույթներին՝ ասելով՝ «այո՛, կրթությունը լավ բան է, բայց, ինչ արած, մեր ավանդույթներն այսպիսին են, մեր շրջապատում բոլորն այդպիսին են, մենք եւս այդպիսին պիտի լինենք»։
«Մենք կարողացել ենք որոշակի ազդեցություն ունենալ որոշ ընտանիքների վրա, եւ եղել են ընտանիքներ, որոնք ի վերջո թույլ են տվել, որ իրենց ազջիկները կրթություն ստանան։ Վերջին տարիներին դրական տեղաշարժ կա․ եթե անգամ ընտանիքներում թույլ չեն տալիս, որ երեխաները բուհ ընդունվեն, ապա գոնե թույլ են տալիս, որ նրանք դպրոցն ավարտեն, իսկ դա մեր համայնքի համար շատ մեծ առաջընթաց է»,- ասում է Զուզանը։
Նա նշում է՝ եզդի երեխաների՝ կրթություն չստանալը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, իսկ դրանցից ամենադժվար հաղթահարելին եզդիների ազգային սովորույթներն են։
«Դարեր առաջ, երբ եզդիները Օսմանյան կայսրության տիրապետության տակ են եղել, կրոնական առաջնորդները աշխարհիկ եզդիներին արգելել են գրել, կարդալ, որ Ղուրանը չուսումնասիրեն ու կրոնափոխ չլինեն։ Այսօր էլ դեռ կան մարդիկ, որոնք կրթությունը սխալմունք են համարում։ Բազմաթիվ ծնողներ էլ մտավախություն ունեն՝ եթե իրեց երեխաները գնան սովորելու, ապա կձուլվեն»,- ասում է Զուզանը։
Բացի ազգային ավանդույթներից՝ կա նաեւ սոցիալական խնդիրը․ եզդիական բազմաթիվ գյուղեր չունեն տրանսպորտ, որոնք կապահովեն ուսանողների՝ քաղաք հասնելը։ Շատ գյուղեր չունեն ավագ դպրոց, իսկ հարեւան գյուղեր հասնելու հնարավորություն բոլորը չէ, որ ունեն։ Մյուս խնդիրը վաղ ամուսնությունն է։ Ամուսնանալուց հետո եզդի աղջիկները հիմնականում կրթությունը չեն շարունակում։
Զուզանն ասում է՝ հատկապես գյուղական համայնքներում ուսուցիչները, իմանալով, որ իրենց եզդի աշակերտը դպրոցից դուրս է գալիս ամուսնության նպատակով կամ այլ պատճառներով, դա վերագրում են եզդիների ազգային ավանդույթներին եւ լուրջ քայլեր չեն ձեռնարկում, որ երեխային աջակցեն կրթությունը շարունակելու հարցում, մինչդեռ ուսուցիչները չպետք է անտարբեր լինեն։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցմանը, նշում է՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների բացահայտմանը եւ ուղղորդմանն (կրթության մեջ ներառման) առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N154-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման եւ ուղղորդման» կարգի պահանջներով, համաձայն որի՝ բացահայտված երեխաների ցուցակները եւ էլեկտրոնային տեղեկատվական բազան հասանելի են լինելու «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգում, եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այդ համակարգ մուտք գործելու համար հաշիվներ է տրամադրելու շահագրգիռ եւ պատասխանատու կառույցներին։
Զուզանը նշում է՝ դպրոց հաճախելու հնարավորությունից զրկված երեխաների համար կարելի է որոշ դեպքերում գոնե տնային ուսուցում կազմակերպել։ Տնային ուսուցումը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի օգոստոսի 29-ի N 31-Ն հրամանով հաստատված «Սովորողների տնային ուսուցման կարգի» համաձայն։
Տնային ուսուցման կազմակերպման համար հիմք են բժշկական հաստատության տված տեղեկանքը եւ սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումը, ապա՝ ծնողի եւ կրթական հաստատության միջեւ կնքված պայմանագիրը։
«Իմ ծնողները կողմ են եղել, որ ես կրթություն ստանամ։ Կան բազմաթիվ եզդի աղջիկներ, որոնք ուզում են կրթություն ստանալ, բայց նրանց ծնողները դեմ են, իսկ աղջիկները ստիպված հարմարվում են այդ որոշմանը, քանի որ միայնակ չեն կարող ուսման վարձը վճարել, քաղաքում վարձով տանն ապրել կամ ճանապարհածախսը հոգալ»,- ասում է Զուզանը։
Այն համայնքներում, որտեղ հիմնականում եզդիներ են ապրում, ազդեցիկ է հասարակության, շրջապատող մարդկանց կարծիքը, հետեւաբար այն ծնողները, որոնք ուզում են, որ իրենց աղջիկները դպրոց գնան կամ բարձրագույն կրթություն ստանան, մտավախություն ունեն, որ նրանց կարող են փախցնել։
«Մեր ընտանիքում ուսման դերը շատ է կարեւորվում, դեռ առաջին դասարանից իմ ընտանիքում ինձ ասում էին, որ ես պետք է բարձրագույն կրթություն ստանամ, բայց կան աղջիկներ, որոնք ծնողների կարծիքին դեմ գնալով են ընդունվել համալսարան։ Այսինքն՝ իմ օրինակը բացառիկ է այնքանով, որ իմ ծնողներն աջակցել են ինձ»,- ասում է Զուզանը։
Կրթության մասին խոսելով՝ Զուզանն անդրադառնում է մի խնդրի եւս․ եզդի երեխաները մայրենի լեզուն սովորելու հնարավորություն չունեն։ Քիչ դպրոցներում է եզդիերեն դասավանդվում, դասավանդողներից ոմանք էլ համապատասխան կրթություն չունեն։ Զուզանը եզդիերեն գրել-կարդալ է սովորել 18 տարեկանում Երեւանում «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի ջանքերով բացված դպրոցում։
2022 թվականի մարտի տվյալներով եզդիերեն եւ եզդի գրականություն է դասավանդվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի եւ Երեւանի 40 դպրոցում։ Զուզանը հույս ունի, որ պետության աջակցության ու եզդիական համայնքի նախաձեռնողականության շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի որոշ եզդիական գյուղերում տարրական կրթությունը կազմակերպել մայրենի լեզվով, քանի որ կան բազմաթիվ եզդի երեխաներ, որոնք հայերեն չգիտեն (կամ մասամբ են հասկանում հայերեն), հետեւաբար դպրոցում բախվում են դժվարությունների. չեն հասկանում հայերեն խոսող ուսուցիչներին, լավ չեն յուրացնում դասերը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։