Ձերբակալվել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհին՝ Ֆարիդե Մորադխանին։ Վերջինս միջազգային հանրությանը կոչ էր արել խզելու բոլոր կապերը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Ֆարիդե Մորադխանիի ձերբակալության լուրը հաստատել է Ֆրանսիայում բնակվող նրա եղբայրը՝ Մահմուդ Մորադխանին։ Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ քրոջ ձերբակալումից հետո նա նախապես տեսագրած տեսանյութ է հրապարակել։
«Ազա՛տ մարդիկ, կանգնե՛ք մեր կողքին եւ պահանջե՛ք ձեր կառավարություններից, որ դադարեն այս մանկասպան եւ արյունարբու բռնապետությանը աջակցելուց։ Այս վարչակարգը չի հետեւում իր հռչակած եւ ոչ մի կրոնական սկզբունքի եւ չի ճանաչում որեւէ օրենք ու կարգ՝ բացի ուժից եւ իշխանությունը պահելու համար ցանկացած միջոցի դիմելուց»,- ասված է Ֆարիդե Մորադխանիի կոչում։
Պարզ չէ, թե ուղերձը հատկապես երբ է տեսագրվել։ Հայտնի է միայն, որ Ֆարիդե Մորադխանին ձերբակալվել է նոյեմբերի 23-ին, երբ դատախազի կանչով ներկայացել է իրավապահներին։
Մահմուդ եւ Ֆարիդե Մորադխանիներն իրանցի ընդդիմադիր հոգեւորական, հոկտեմբերին մահացած Ալի Թեհրանիի զավակներն են։ Վերջինս Ալի Խամենեիի քրոջ՝ Բադրի Հոսեին Խամենեիի ամուսինն է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը