ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2022-ի սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետեւանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500 հազար դրամ միանվագ աջակցություն ստանալու համար արդեն իսկ կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել։
Միջոցառման շահառուները ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած այն անձինք են, ովքեր բուժհաստատություններում բժշկական օգնություն եւ սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ: Ֆինանսական օգնությունը կտրամադրի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ)՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ», ապա «Սոցիալական ապահովություն առցանց դիմումներ» բաժինները, այնուհետեւ սեղմել «ՀՀ Կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհանի վրա եւ «Վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժնում լրացնել պահանջվող տվյալները։