Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ հայկական կողմին է փոխանցել 13 հայ զինվորականի մարմին: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ որոնողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված զոհված 13 հայ զինծառայողների մարմինների վրա բռնության հետքեր չկան:
Պաշտոնական Բաքուն հայտնել է, որ զոհված հայ զինծառայողների մարմինները, միջազգային հումանիտար իրավունքի նորմերին համապատասխան, Ադրբեջանի զինվորական դատախազության զննումից հետո հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին:
Տեղկությունը հաստատել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակում էին հրետանային միջոցներով, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, ներառյալ՝ ԱԹՍ-ներով: Սեպտեմբերի 14-ի 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող եւ 4 քաղաքացիական անձ, վիրավորվել են 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձինք, գերեվարվել է 20 զինծառայող: Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։