Թուրքիայի հետ առեւտրաշրջանառությունն այս տարի կտրուկ ավելացել է։ Այն նույնքան կտրուկ նվազել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ազգային ժողովը 2021-ի հունվարից արգելեց Թուրքիայից ներմուծումն ընդհանրապես։ Այս տարի Կառավարությունը որոշեց չերկարաձգել այդ արգելքի կիրառումը։
Բայց այդ երկրի դեպքում առեւտրաշրջանառություն ասելը խիստ հարաբերական է, քանի որ Հայաստանը Թուրքիայից հիմնականում ներկրում է։ Դեպի Թուրքիա արտահանումը միշտ շատ չնչին՝ գրեթե զրոյական է եղել։ Իսկ Թուրքիայից ներմուծումն այնքան շատ է եղել, որ այդ երկիրը հաճախ հայտնվել է մեր առեւտրային գործընկերների առաջին տասնյակում։
Այս տարի Թուրքիայի հետ առեւտրում արտառոց երեւույթ նկատվեց. ամռան ամիսներին կտրուկ ավելացավ նաեւ արտահանումը, անգամ գերազանցեց ներմուծումը։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկության համաձայն, օրինակ, հունիսին այդ երկիր է արտահանվել 20,1 մլն դոլարի, հուլիսին 27,1 մլն դոլարի ապրանք այն դեպքում, երբ ներմուծումը եղել է քառակի քիչ՝ համապատասխանաբար 5,3 եւ 5,8 մլն դոլարի։ Իսկ հունվար-սեպտեմբերին Թուրքիայից ներմուծվել է ընդամենը 46,2 մլն դոլարի, արտահանվել՝ 58,4 մլն դոլարի ապրանք։
Հարց է առաջանում, թե ինչպես է նման կտրուկ փոփոխություն եղել մեր երկու երկրների առեւտրային հարաբերություններում։ Այդ ի՞նչ է Հայաստանն արտահանել, որ կտրուկ գերազանցել է ներմուծումը։ Ինտրիգն ավելի է սրվում, երբ տեսնում ենք, որ վիճակագրական տեղեկացանկում այս տարբերությունը վերաբերում է միայն այդ երկու ամիսներին։
«Արտահանել ենք անմշակ ոսկու փոշի։ Նույն իրավիճակն ունեցել ենք 90-ականների սկզբին, երբ ոսկի էինք արտահանել Թուրքիա, քանի որ այնտեղ գինն ավելի բարձր էր»,- ասում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Այնուամենայնիվ, հայտնի է, որ Հայաստանը Թուրքիայից ոսկի ներմուծում է, ոչ թե արտահանում։ Մեր ոսկու շուկաներում մեծ մասամբ թուրքական զարդեր են վաճառվում։ Այսինքն՝ մեր առեւտրականները Թուրքիայից են բերում, քանի որ այնտեղ ավելի էժան է։ Այդ երկու ամիսների վիճակագրությունը հետաքրքրել ու զարմացրել է նաեւ տնտեսագետներին։ Դա պարզապես եզակի դեպք է, թեեւ չի բացառվում, որ առաջիկա ամիսներին էլ կրկնվի։
«Ես տեսել եմ, որ նման շարժ կա դեպի Թուրքիա, եւ դա որոշակի հարցեր է առաջացրել։ Այդ ապրանքանիշի մուտքը Հայաստան վերջին մի քանի ամիսներին չի նկատվել, նկատվել է արտահանումը։ Ճիշտ է, դրա արտահանումը ընդհանուր ոսկու արտահանման 10 տոկոսը չի գերազանցում, բայց որոշակի հարցեր է առաջացնում, թե ով է արտահանել, ինչ ծագման ապրանք է դա»,- հարցնում է Թավադյանը։
«Ալիք Մեդիան» փորձեց այդ հարցերն էլ պարզել Պետեկամուտների կոմիտեից, բայց մեզ ընդամենը պատասխանեցին, որ տեղեկությունը տեղադրված է իրենց կայքում, եւ տվեցին հղումը։ Մինչդեռ ՊԵԿ-ի կայքում ընդամենը տեղադրված է տեղեկություն, թե որ երկրից, այդ թվում՝ Թուրքիայից երբ ինչ է ներմուծվել եւ որքան է ներմուծվել։
Այդ գերատեսչությունը խուսափել էր մեր այն հարցերին պատասխանելուց, թե որ ընկերությունն է փոխել Թուրքիայի հետ մեր վիճակագրությունն ու ոսկու փոշին արտահանել։ Կամ այդ ապրանքը որտեղից է ձեռք բերվել, որ հետո էլ արտահանվել է Թուրքիա։ Եվ առհասարակ ինչո՞ւ է ՊԵԿ-ը խուսափել ավելի սպառիչ պատասխան տալուց, որն էլ ավելի է սրել հարցի նշանակությունը։ «Պետք է պատասխան տան»,- կարծում է Թավադյանը։
Տնտեսագետը նաեւ նշում է, որ թեեւ Թուրքիայից ներմուծման արգելքը շուրջ մեկ տարի չի գործում, եւ առեւտուրը կտրուկ ավելացել է, բայց 2020-ի համեմատ ներմուծումը կրճատվել է 40 տոկոսով։ Այսինքն՝ դեռ չի վերականգնվել։ Հետաքրքիրն այն է, որ թուրքական «made in Turky» պիտակով ապրանքների ներմուծումը կրճատվել է ընդամենը 2 տոկոսով։ Այսինքն՝ Հայաստանը թեեւ ուղիղ Թուրքիայից չի ներմուծում, բայց թուրքական ապրանքը ներմուծում է երրորդ երկրների՝ հիմնականում Վրաստանի միջոցով։ Եվ եթե, ինչպես վերեւում նշեցինք, անմիջապես Թուրքիայից ներմուծումը եղել է 46,2 մլն դոլար, ապա այդ նույն ժամանակահատվածում ներկրվել է 170 մլն դոլարի թուրքական ապրանք։ Եվ մեր սպառողն ու գործարարը շարունակում են գնել այդ երկրի արտադրությունը։
Իսկ Թուրքիայից մեր գործարարները ներկրում են հարյուրից ավելի անուն ապրանքներ։ Օրինակ՝ այս տարվա առաջին կիսամյակում ներկրվել է 3,5 մլն դոլարի թարմ կամ չորացած ցիտրուսային պտուղ, 2,2 մլն դոլարի տղամարդու հագուստ, 2,5 մլն դոլարի էլեկտրական սարքեր եւ այլն։
Ի տարբերության ներմուծվող ապրանքների ահռելի մեծ տեսականու՝ Հայաստանից Թուրքիա է արտահանվել ընդամենը 16 անուն ապրանք՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով 20 մլն 377 հազար դոլար արժողության, որից առյուծի բաժինը, ինչպես նշեցինք, 20 մլն 167 հազար դոլարը ոսկու փոշու արժեքն է։ Դրանից զատ հունվար-հունիսին Թուրքիա է արտահանվել շատ չնչին՝ ընդամենը 267 հազար դոլարի ապրանք։ Ոսկու փոշուց հետո երկրորդը դաբաղած կաշին է՝ 115 հազար դոլարի, երրորդը ընդամենը 61 հազար դոլարի արհեստական մանածագործ նյութերի մեքենան է։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։