Իշխանությունն այդպես էլ հասկանալի չի կարողանում բացատրել, թե ինչու հիմա անհրաժեշտություն ծագեց օրենքով ոչնչացնել ԱԱԾ գաղտնի փաստաթղթերը: Ո՞ւմ են խանգարում դրանք արխիվացված վիճակում:
Ոչնչացնելու մի քանի պատճառ կարող է լինել. կամ ինչ-որ երկիր շուտով գրավելու է Հայաստանը, եւ առաջին բանը, որ պատրաստվում է անելու մեր իշխանությունը, ԱԱԾ փաստաթղթերի ոչնչացումն է, կամ այս իշխանության մի մեծ հատված նախկինում ակտիվորեն համագործակցել է ԱԱԾ-ի, ասել է թե՝ Ռուսաստանի հետ։
Կամ Ռուսաստանն ինքն է պահանջել ոչնչացնել ինչ-ինչ թղթեր, որոնք վերաբերում են մեր անցյալի մութ էջերին, դիցուք, Չարենցի սպանությանը (օրինակ): Առաջինի դեպքում բնականաբար իշխանությունը կուզի ոչնչացնել հատկապես իրեն վերաբերող փաստաթղթերը, որպեսզի դրանք օտարի ձեռքը չընկնեն, երկրորդ պարագայում իշխանությունը փորձում է լվանալ երբեւէ ՀՀ ԱԱԾ-ի իրական շահառուի՝ Ռուսաստանի դեմքը:
Կամ ԱԱԾ-ն ինքն է հիմնավորել ու ներկայացրել Փաշինյանին, որ այդ փաստաթղթերը պետք է ոչնչացվեն, կամ Փաշինյանն ինքն է նախաձեռնություն ցուցաբերել ավելի սարսափելի մի բան թաքցնելու մղումով: ԱԱԾ-ի մասին խոսելիս ոչինչ պնդել չես կարող:
Այնպես չէ, որ մինչեւ հիմա ԱԱԾ-ն գաղտնի փաստաթղթեր չի ոչնչացրել: Եթե օրենքը չլինի, միեւնույնն է, շարունակելու են ոչնչացնել: Գուցե ուզում են դրանով ուղերձ հղել նրանց, ովքեր ռիսկ չեն անում համագործակցել ԱԱԾ-ի հետ հենց բացահայտվելու պատճառով, ո՞վ իմանա:
Փաստն այն է, որ ԱԱԾ-ն իսկապես աննախադեպ քայլի է գնում՝ ոչնչացնում է գաղտնի փաստաթղթեր մի երկրում, որտեղ ավանդաբար իշխանությունը կառավարում է ժողովրդի թիկունքում, որտեղ ոչ ոք ոչնչի համար հաշիվ չի տալիս, թեպետ հաշիվ չտալուց առաջ հայտարարում է, թե բոլոր որոշումներն ընդունվելու են հենց հրապարակում «հպարտ քաղաքացու» ներկայությամբ:
Բայց կա մի «կուրյոզ»: 2021-ի ԱԺ ընտրություններին մասնակցելիս ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ոչ մի բառ չի նշել ԱԱԾ գաղտնի փաստաթղթերը ոչնչացնելու կարեւորության մասին: Ես մանրամասն նայել եմ ՔՊ ծրագիրը, այնտեղ ԱԱԾ-ի բարեփոխման մասին անգամ տող չկա:
Այսինքն՝ քաղաքացուց քվե կորզելիս ՔՊ-ն չի ասել՝ տվե՛ք, որ ԱԱԾ գաղտնի փաստաթղթերը ոչնչացնեմ: Գուցե հազարավոր մարդիկ, որոնց հարազատները ԱԱԾ-ի գործունեության զոհերն են, չեն ուզում, որ դրանք ոչնչացվեն, իրենք ուզում են իմանալ, թե հատկապես ով է թունավորել իրենց կյանքը:
Այնքան ԱԱԾ-ականներ կան, որոնք այսօր էլ շարունակում են վայելել ազատությունը, թեեւ հազարավորների են զրկել դրանից: Նրանք հետապնդել են, նրանք քրեական գործեր են սարքել, նրանք ԿԳԲ-ի դպրոցն են կայացրել Հայաստանում: ՀՀ քաղաքացուն դա պե՞տք է եղել, ո՛չ: ՀՀ քաղաքացին այսօր պե՞տք է իմանա, թե ինչպես են իր հայրենակիցներն աշխատել իր դեմ: Այո՛, պետք է իմանա: Իսկ ԱԱԾ-ն նույնիսկ չի ասում ու չի էլ ասի, թե ինչ փաստաթղթեր են ենթակա ոչնչացման:
Եվ հիմա ՔՊ-ն կատարում է մի գործողություն, որի համար քաղաքացու համաձայնությունը չի ուզել: Գուցե բոլորովին այլ է ՔՊ-ի նպատակը, բայց ինչ էլ լինի, մենք ոչինչ չգիտենք: Եթե իմանալու բան էլ չէ, ավելի վատ մեզ համար: Բայց դու փորձում ես ոչնչացնել պատմություն, որը նույնիսկ ընդհանուր գծերով չի պատմվել:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: