Այս տարվա հոկտեմբերին լրանում է Ռիո դե Ժանեյրո քաղաքի նշանավոր Հիսուս Ամենափրկիչ (Cristo Redentor) արձանի 90-ամյակը։ Այժմ արձանի վրա վերականգնողական աշխատանքներ են կատարվում։ 38 մետր բարձրության վրա 40 հոգանոց խումբ է աշխատում՝ ինժեներներ, ճարտարապետներ ու նույնիսկ երկրաբաններ։
3D սկանավորման միջոցով հնարավոր է եղել գտնել արձանի վնասված մասերը։ Վնասելուց խուսափելու համար արձանը վերանորոգվում է ձեռքով, առանց տեխնիկայի կիրառման։ Վերանորոգման նպատակը արձանի կյանքը եւս 90 տարով երկարաձգելն է։
Հիսուս Ամենափրկիչ արձանն աշխարհի նոր յոթ հրաշալիքներից է։ Կառուցվել է Բրազիլիայի անկախության 100-ամյակի առթիվ։ Կառուցումը տեւել է գրեթե 9 տարի։ Արձանը պատրաստվել է Ֆրանսիայում, այնուհետեւ մաս-մաս տեղափոխվել Բրազիլիա եւ երկաթուղով բարձրացվել Կորկովադու լեռան գագաթ։
Մինչեւ կորոնավիրուսի համավարակը Հիսուս Քրիստոսի արձանն ունեցել է տարեկան շուրջ 2 միլիոն այցելու։