«Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ այսօր, մարտի 31-ին, 81 տարեկան հասակում մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:
Արկադի Տեր-Թադեւոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին, Թբիլիսիում: Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետեւ՝ Լենինգրադի տրանսպորտի եւ թիկունքի ռազմական ակադեմիան։ Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում:
1988 թվականից Տեր-Թադեւոսյանը միացել է Արցախի ազատագրման պայքարին: 1990-ին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադեւոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմական գործողությամբ ազատագրեցին ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվորեն մասնակցել է Շուշի քաղաքի ազատագրման ռազմական գործողության («Հարսանիք լեռներում») նախապատրաստման աշխատանքներին: