Իրանի իշխանություններն արգելել են ֆրանսիական ավտոմեքենաների ներկրումը, քանի որ ֆրանսիական ավտոարտադրողները չեն կատարել Իրանի առջեւ ստանձնած պարտավորությունները։
Բացի դրանից՝ Ֆրանսիայի կառավարությունն Իրանում տեղի ունեցող բողոքի գործողությունների հանդեպ այնպիսի կեցվածք է որդեգրել, որով պայմանավորված էլ Թեհրանը որոշել է այդ կերպ «պատժել» ֆրանսիացիներին։ Արգելքը տարածվում է Renault, Peugeot, Citroen եւ մյուս ֆրանսիական ավտոարտադրող ընկերությունների թողարկած ավտոմեքենաների վրա։
Ըստ իրանական պաշտոնական վիճակագրության՝ 2022-ի առաջին ութ ամիսներին` եվրոպական օրացույցի մարտի 21-ից նոյեմբերի 21-ը, իրանական ավտոմոբիլաշինությունը գրանցել է 15 տոկոսանոց աճ։ Իրանական ավտոարտադրողները հաշվետու ժամանակահատվածում թողարկել են 750 հազար ավտոմեքենա։
Իրանցի վերլուծաբանները նշում են, որ տեղական ավտոարդյունաբերության համար այժմ որոշակի արտադրական ներքին կայունության փուլ է սկսվել, առաջիկայում հնարավորություն կընձեռվի քանակական եւ որակական առումով բարելավելու ոլորտի արտադրական հզորությունները։
Պատրաստեց Արման Գրիգորյանը