Դոնեցկում ծնված Մարիամ Բարսեղյանը Կոնստանտինովկա քաղաքի իրենց բնակարանում էր, երբ փետրվարի 24-ին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Պայթյունի ձայները սկզբում չէր լսել, քանի որ Կոնստանտինովկան եւ հարակից քաղաքները չէին ռմբակոծվում։ 6։30-ին Մարիամին հայրն արթնացրեց, բացատրեց՝ ինչ է կատարվում։
«Արդեն Չեռնիգովի օդանավակայանը պայթեցրել էին։ Չէի ուզում հավատալ, որ պատերազմ է սկսվել։ Կոնստանտինովկայի մեր բնակարանում ապրում էինք ես, հայրս, մայրս, քույրս։ Եղբայրս կնոջ ու երեխայի հետ մեր բնակելի շենքից ոչ շատ հեռու իր առանձնատանն էր։ Զանգեց, ասաց՝ արագ հավաքենք առաջին անհրաժեշտության իրերը։ Ես սկսեցի հավաքել իրերը, բայց քանի որ մեր քաղաքը դեռ չէր ռմբակոծվում, առավոտյան հայրս ու մայրս աշխատանքի գնացին»,- պատմում է Մարիամը։
Մարիամի ընտանիքը հարեւան գյուղերից մեկում՝ Պրեդտեչինոյում, հողատարածքներ ու անասնաֆերմա ունի, որը ղեկավարում է նրա հայրը։ Բնակելի շենքի հարակից տարածքում ընտանիքը մթերային խանութ ունի։ Պատերազմի լուրն իմանալուն պես մարդիկ շտապել էին մթերային խանութներ՝ սնունդ գնելու։
Մարիամի մայրը, որ սովորաբար մենակ էր աշխատում խանութում, չէր հասցնում սպասարկել, եւ Մարիամը սկսել է օգնել։ Մարդիկ խնդրում էին խանութը չփակել եւ հնարավորինս երկար աշխատել։ Փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 4-ը Մարիամը մորն օգնում էր խանութում։
Այդ ընթացքում Կոնստանտինովկայում լսվում էին ռումբերի ու հրթիռների ձայները, բայց քաղաքը դեռ չէր ռմբակոծվում։ Երբ հարակից քաղաքները սկսել էին ռմբակոծվել, վտանգը մեծացել էր, պատկան մարմինները հայտարարել են՝ քաղաքից գոնե կանայք ու երեխաները պետք է տարհանվեն։ Մարիամը հիշում է՝ ապրիլի սկզբին մի օր, երբ խանութի դուռն էր փակում, ռմբակոծության բեկորները դիպել էին խանութին։
«2014-ին Դոնեցկում պատերազմական գործողություններ էին, ավելի փոքր էի, բայց հիշում եմ տանկերը, ռազմատեխնիկան, որ տեսել էի իմ քաղաքում։ Ցավոք, պատերազմն ինձ համար նոր երեւույթ չէր, էլի՛ էի տեսել։ Սարսափելին կրկնվում էր։ Վազքով հասա տուն, հողը ոտքերիս տակ երերում էր։ Երբ տուն մտա, պատուհանները դղրդում էին․․․ սարսափելի էր։ Չգիտեինք ինչ անել, ուր գնալ»,- հիշում է Մարիամը։
Մարիամի ընտանիքի անդամներն այժմ ապրում են երեք երկրներում։ Եղբայրը մարտին իր ընտանիքի հետ տեղափոխվել էր Դնեպր, իսկ սեպտեմբերին մեկնել էին Գերմանիա։ Ծնողները որոշել էին, որ աղջիկները պետք է մեկնեն Փարիզ՝ Մարիամի հորաքրոջ տուն։ Ապրիլի 4-ին Մարիամն իր 15-ամյա քրոջ հետ ճանապարհ է ընկել։ Աղջիկները ժամեր շարունակ սպասել են Կոնստանտինովկայից ոչ շատ հեռու՝ Կրամատորսկի կայարանի փողոցում, մինչեւ կարողացել են գնացք նստել։
«Տարհանում իրականացնող գնացքները լեփ-լեցուն էին, մարդիկ հերթ էին կանգնել գնացք նստելու համար։ Հերթը կայարանից մինչեւ փողոց էր հասնում։ Հինգ ժամ ցրտին կանգնեցինք դրսում, մինչեւ կարողացանք մի կերպ գնացք մտնել»,- հիշում է Մարիամը։
Գնացքը գիշերով ընթանում էր առանց լույսերի, կայարանում աշխատակիցները նախապես մարդկանց բացատրել էին՝ եթե գնացքի լույսերը միացնեին, գուցե գնացքը ռմբակոծվեր։ Երբեմն գնացքը կանգնում էր իրենց համար անհասկանալի պատճառներով։ Իսկ երբ արդեն լույսը բացվել էր, տեսել էին շուրջբոլորը պայթեցված, հողին հավասարեցված բնակավայրեր։ Սարսափով է հիշում այդ տեսարանները։ Հասկանում էր՝ պետք է ուժեղ լինի, վախենալու ժամանակը չէ․ ինքը ավագն է, պիտի հոգար 15-ամյա քրոջ մասին։ Մի կերպ հասել են Լվով (հեռավորությունը Լեհաստանից՝ 70 կմ)։ Դրանից հետո հարկավոր էր հասնել Ուկրաինա-Լեհաստան սահման, ապա մտնել Լեհաստան, որ մեկնեին Փարիզ՝ հորաքրոջ տուն։ Բայց Լվովից Լեհաստան հասնելը բավական բարդ էր․․․
Մարիամը, քույրը եւ մի ընտանիք նստել են ավտոմեքենա, որի մեջ երկու տղամարդ կար․ նրանք կամավորներ էին: Մարիամը նախապես տեսել էր նրանց վկայականները, բայց, միեւնույնն է, վախենում էր։ Լսել էր, որ այդ օրերին ոմանք կամավոր են ձեւացել, ասել են՝ աղջիկներին ու կանանց պատրաստ են ուղեկցելու լեհական սահման, բայց հետո այդ կանայք ու աղջիկներն անհետացել են․․․
«Ուրախացա, որ այդ անծանոթ տղամարդկանց հետ մենակ չենք լինի ավտոմեքենայում, բայց շուտով այս ընտանիքը ճանապարհին՝ մի բնակավայրում, իջավ։ Սարսափում էի այդ մարդկանցից, զգում էի՝ քույրս էլ է վախենում։ Բայց, բարեբախտաբար, նրանք նորմալ մարդիկ էին, մեզ անվնաս տեղ հասցրին»,- պատմում է Մարիամը։
Մեքենայից իջնելուց հետո 20 րոպե ոտքով անձրեւի տակ ծանր ճամպրուկներով քայլել են դեպի լեհական սահման։ «Հետո մտանք Լեհաստան, այնտեղ մեզ սնունդ տվեցին, մի քիչ հանգիստ առանք, այնուհետեւ ուղեւորվեցինք դեպի Ֆրանսիա»,- պատմում է Մարիամը։
Ապրիլի 7-ին Մարիամն ու քույրը հասել են Փարիզ՝ հորաքրոջ տուն։ Մարիամի քույրը հիմա հորաքրոջ տանն է ապրում, իսկ ինքը սովորում է Նիցցայի համալսարանում։ Մարիամը սովորել է Խարկովի Կարազինի անվան ազգային համալսարանում՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Հետո ընդունվել է նույն համալսարանի մագիստրատուրա։ Մենեջմենթի մագիստրոսական որակավորում պետք է ստանար, բայց պատերազմից մի քանի օր անց համալսարանի այն մասնաշենքը, որտեղ նա սովորում էր, ռմբակոծության հետեւանքով ավերվել էր։
Փարիզ հասնելուց հետո Մարիամը տեղեկացել է՝ Նիցցայի համալսարանում ուսանողների համար վերապատրաստման երկամսյա (հունիս, հուլիս ամիսներին) ծրագիր կա, եւ ուղարկել է իր փաստաթղթերը, շուտով դարձել ծրագրի մասնակից։
Քանի որ Խարկովի Կարազինի անվան ազգային համալսարանը համագործակցում էր Նիցցայի համալսարանի հետ, Մարիամը հնարավորություն է ունեցել «Էրազմուս» ծրագրի միջոցով մեկ կիսամյակ սովորելու Նիցցայի համալսարանում։ Նիցցայում ուկրաինացի ուսանողներին հանրակացարան են հատկացրել, որտեղ հիմա ապրում է նա։
«Հիմա Ուկրաինայում կիսատ թողած մագիստրոսական կրթությունս առցանց եմ շարունակում՝ Նիցցայի համալսարանում սովորելուն զուգահեռ։ Ծրագրում եմ հաջորդ տարի Նիցցայի համալսարանում մագիստրատուրա ընդունվել։ Քույրս էլ է առցանց շարունակում կրթությունը։ Կոնստանտինովկայի՝ մեր հարազատ դպրոցը եւս պայթեցրել են։ Երկու կրթօջախները, որտեղ սովորել եմ, հիմա չկան, ավերակ են դարձել։ Հոգիս ցավում է, երբ հիշում եմ այդ մասին»,- ասում է Մարիամը։
Այն դպրոցում, որտեղ հաճախել են Մարիամը, նրա քույրն ու եղբայրը, կիրակի օրերին հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն էին դասավանդում։ Դպրոցն ավարտելուց հետո Մարիամն այս նույն դպրոցում հայ երեխաներին հայկական ազգային պարեր է դասավանդել։ Մի քանի տարի հաճախել էր ազգային պարերի, եւ սիրով իր գիտելիքները փոխանցում էր երեխաներին։ Բացի այդ՝ պարբերաբար միջոցառումներ էին կազմակերպում դպրոցում, որտեղ Մարիամն ակտիվ մասնակցություն էր ունենում։ Մարիամի հայրը Կոնստանտինովկայի հայերի միության նախագահն է։
Հիմա Կոնստանտինովկայի հարակից քաքաքները ռմբակոծվում են, ծանր իրավիճակ է հատկապես Բախմուտ քաղաքում։ Մարիամը շատ է անհանգստանում ծնողների համար։
«Դոնեցկի որոշ հատվածներ ուկրաինացիների տիրապետության տակ են, մի մասն էլ՝ ռուսների։ Մեր քաղաքն այժմ ուկրաինացիների վերահսկողության տակ է, Բախմուտի համար թեժ մարտեր են ընթանում, իսկ Բախմուտից այն կողմ գտնվող բնակավայրերն արդեն ռուսների տիրապետության տակ են․ այդ բնակավայրերում ապրում են խաղաղ բնակիչներ, ոմանք էլ հեռանում են, եթե հնարավորություն են ունենում»,- պատմում է Մարիամը։
Կոնստանտինովկայում մի քանի ամիս գազամատակարարում չկար: Իսկ էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումն օրական մի քանի ժամ են լինում, երբեմն էլ օրերով չեն ունենում։
Մարիամի ծնողները Հայաստանից Ուկրաինա են տեղափոխվել 1993 թվականին։ Մարիամի հայրը Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղից է, մայրը՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրից։ Նրանք 90-ականներին ծանր օրեր էին տեսել Հայաստանում, հիմա էլ՝ Ուկրաինայում։ Մարիամի հայրը, որ մութ ու ցուրտ տարիներ էր տեսել, դեռ ձմռանն էր Կոնստանտինովկայում իր ձեռքով փայտի վառարան պատրաստել՝ ենթադրելով, որ գուցե գազամատակարարում չլինի։ Որոշ ժամանակ վառարան էին վառել, հիմա արդեն Մարիամի եղբոր տանը գազամատակարարում կա, ուստի ծնողներն այդ տուն են տեղափոխվել։
Մարիամի համար դժվար է ընտանիքից հեռու լինելը։ Հատկապես ամառվա ամիսներին Կոնստանտինովկան հուժկու հրթիռակոծությունների ու ռմբակոծությունների էր ենթարկվում։ Այդ ժամանակ նա արդեն Ֆրանսիայում էր, շատ էր անհանգստանում ծնողների համար։
Մարիամի ծնողները չեն ուզում հեռանալ Կոնստանտինովկայից։ Նրանք տարիներ շարունակ աշխատել են, արարել, Ուկրաինան նրանց համար երկրորդ տուն է դարձել։
«Վերջերս հայրս մեր հողատարածքում տրակտոր վարելիս քիչ էր մնացել՝ անցներ ականի վրայով, բարեբախտաբար նկատել էր․․․ Մարդիկ ամեն օր տեսնում են՝ իրենց գլխավերեւով ինքնաթիռներ են սլանում, հարեւան քաղաքներից լսում են հրթիռների ու ռումբերի ձայները․․․ Վտանգավոր է, բայց մարդիկ կան, որ պատրաստ չեն հեռանալու իրենց տներից, այդ թվում՝ ծնողներս։ Դոնեցկում որոշ մարդիկ արդեն չեն վախենում պատերազմից, պատերազմական սարսափելի առօրյան սովորական է դարձել»,- եզրափակում է Մարիամը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։