Ըստ The Hill պարբերականի՝ վերջին ամիսներին միջազգային ֆինանսական շրջանակներում բավական վախեցնող մի միտք է շրջանառվում, ըստ որի՝ Միացյալ Նահանգներում մեկնարկային տոկոսադրույքի աճը «կամրապնդի» դոլարը՝ ստիպելով տնտեսությանը էժանացնել արժույթն ու բարձրացնել ներկրումների արժեքը, այն դեպքում, երբ արդեն իսկ սննդամթերքի ու էներգակիրների բարձր գների դեմ պայքար է ծավալվում։
Սղաճի շեշտակի աճը զսպելու համար այլ երկրների կենտրոնական դրամատները պետք է էլ ավելի խստացնեն իրենց դրամավարկային քաղաքականությունը՝ աշխարհը մղելով գլոբալ ռեցեսիայի (աստիճանական հետաճ)։ Նաեւ ասվում է, որ բարձր մեկնարկային տոկոսադրույքները ԱՄՆ-ում եւ «ուժեղ» դոլարը առանձնահատուկ ճնշում են գործադրում ձեւավորվող շուկաներով երկրների վրա, որոնք պետք է դոլար գնեն, որպեսզի մարեն իրենց դոլարային պարտավորությունները տեղական արժույթի անընդհատ էժանացման պայմաններում։ Այս մտավախությունները բավականին հիմնավոր են։
Բանն այն է, որ դոլարի գնաճը մեկն է այն ուղիներից, որով Միացյալ Նահանգները, խստացնելով իր դրամավարկային քաղաքականությունը, տնտեսությունը «սառեցնում է», ինչը հանգեցնում է ամերիկյան սղաճի որոշ մասի «արտահանմանը»։ Միաժամանակ նաեւ ճիշտ է այն, որ պատմականորեն Դաշնային պահուստային հիմնադրամի վարած ավելի խիստ քաղաքականությունը «վատ նորություն» է զարգացող շուկաների համար, քանի որ նրանց համար դա նշանակում է արժույթի գնանկում, վարկային սպրեդների աճ եւ կապիտալի քայքայիչ արտահոսք։
Սակայն ներկայիս այս քննարկումների մեծ մասում, երբ խոսվում է դոլարի «ուժեղացման» դեպքում համաշխարհային տնտեսությունում հնարավոր «մռայլ» սցենարների զարգացման մասին, ԴՊՀ քաղաքականության խստացման դերակատարությունը չափազանցված է։ Նախ, ի հեճուկս բազմաթիվ փորձագետների, ԴՊՀ-ն բացառապես ագրեսիվ ռեակցիա չի դրսեւորել սղաճի նկատմամբ։ Բազմաթիվ երկրների կենտրոնական դրամատներ էլ, օրինակ՝ Բրազիլիայում, Չիլիում, Կոլումբիայում, Չեխիայում, Մեքսիկայում, Պերուում, Լեհաստանում եւ Մեծ Բրիտանիայում, դրամավարկային քաղաքականության խստացումը սկսվել էր ավելի վաղ, քան ԴՊՀ-ն սկսեց խստացնել իր քաղաքականությունը։ Բացի այդ՝ նրանց մեծ մասը մեկնարկային տոկոսադրույքը ավելի շատ էր բարձրացրել, քան դա արեց ԴՊՀ-ն։
Մյուս կողմից՝ «ուժեղ» դոլարը իրականում զարգացող շուկաների վրա ավելի քիչ է ճնշում գործադրում, քան ընդունված է կարծել փորձագիտական հանրույթի շրջանում։ Իրականում դոլարի «ամրապնդումը» Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների արժույթների հանդեպ եղել է մոտ 8 տոկոս։ Ձեւավորվող ֆինանսական շուկաներ ունեցող երկրները մինչ այժմ բավական լավ են կարողացել դիմանալ։
Համեմատաբար ավելի բարդ է այնպիսի խոցելի տնտեսություններ ունեցող երկրների վիճակը, ինչպիսիք են Շրի Լանկան, Պակիստանն ու Արգենտինան, այս երկրներում առկա է սեփական տնտեսական հիմնասյուների անհավասարակշռություն, որը հազիվ թե համաշխարհային տնտեսությանը հանգեցնի ռեցեսիայի։ Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք ասել, որ դոլարի գնի աճը իհարկե ստեղծում է խնդիրներ համաշխարհային տնտեսության համար, սակայն դրանք չպետք է չափազանցնել։ Համաշխարհային տնտեսությանը գլոբալ ռեցեսիայի դրդում է ոչ թե միայն դոլարի «ուժեղացումը», այլ նաեւ էներգակիրների եւ սննդամթերքի գնաճը, էներգիայի դեֆիցիտը (պակասուրդ) Եվրոպայում։ Եվ այս երեւույթները հետեւանք են ռուս-ուկրաինական պատերազմի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը