ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել կառավարության նախագիծը, ըստ որի` առավելագույն քաշը (26 տ) գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը կբարձրանա, 1 տոննան գերազանցելու դեպքում կդառնա 200 հազար դրամ։
Փոփոխությունները եւ լրացումները, ըստ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Դանիելյանի, առաջարկվում է կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։
Դանիելյանը հիշեցրել է, որ գործող կարգավորումներով մեկ սռնու վրա ընկնող թույլատրելի շեմը գերազանցելու դեպքում բեռնափոխադրում կատարողները տուգանվում էին 200 հազար դրամով՝ անկախ այն բանից՝ որքանով է խախտվել թույլատրելի սահմանաչափը։ Նա նշել է, որ հիմնական իրավախախտումները լինում են ավելորդ տոննայի գերազանցմամբ, այսինքն` լինում են դեպքեր, երբ թույլատրելի շեմը գերազանցում են նույնիսկ 30-35 տոննայով։
Ըստ Դանիելյանի՝ պրոգրեսիայի կիրառումն այս պարագայում միանշանակ զսպող միջոց կլինի։ Նա նաեւ ընդգծել է, որ իրենք ունեն 3 կշեռք, 2-ը` ստացիոնար, ինչով շատ քիչ հատված է հնարավոր լինում ծածկել։ Նախատեսվում է առաջիկայում նոր կշեռքներ ձեռք բերել։
Ըստ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի վիճակագրության՝ մինչեւ 1 տոննան գերազանցելու դեպքում եղել է 181 խախտում, 1-2 տոննայի գերազանցելու դեպքում խախտումները 104–ն են, մնացած դեպքերում նվազման միտում կա։ Արձանագրվել է 36 դեպք, երբ բեռնատարի քաշը թույլատրելի շեմից 20-25 տոննայով ավելի է եղել։