Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ աջակցելով հանդերձ Միջազգային քրեական դատարանին՝ Եվրահանձնաժողովը հանդես է եկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայի հարցով միջազգային դատարան ստեղծելու նախաձեռնությամբ: Ըստ նրա՝ այդ դատարանը կհետաքննի եւ քրեական պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը շեշտել է, որ Ռուսաստանը պետք է ֆինանսական փոխհատուցում տա իր պատճառած վնասների համար: Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ ըստ հաշվարկների՝ ուկրաինացիներին ռազմական գործողությունների ընթացքում հասցվել է 600 միլիարդ եվրոյի վնաս:
Ըստ Եվրահանձնաժողովի նախագահի՝ իրենք կարող են Ռուսաստանին ստիպել վճարել. ԵՄ-ն արգելափակել է ՌԴ-ի կենտրոնական բանկի ակտիվները 300 միլիարդ եվրոյի չափով եւ սառեցրել է ռուսաստանցի օլիգարխների գումարը՝ 19 միլիարդ եվրոյի չափով: Ֆոն դեր Լայենը չի բացառել, որ կստեղծվի հատուկ կառույց, որը կկառավարի եւ կներդնի սառեցված գումարը, այնուհետեւ միջոցները կուղղվեն Ուկրաինային: