Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում բացվեց նոր, ժամանակակից ցուցադրություն:
Վարպետի հուշատուն այցելողներն այժմ կտեսնեն Շուշանիկ Մատակյանի գրած նամակը Ավետիք Իսահակյանին, որը մինչ այժմ գրականության մեջ անհայտ էր: Ձեռագիրը Վարպետի թոռան՝ Ավիկ Իսահակյանի նվերն է հարազատ քաղաքի թանգարանին:
Վարպետին ուղղված այլ արժեքավոր նամակներ եւս՝ Արշակ Չոպանյանի, Գարեգին Լեւոնյանի, Զապել Եսայանի, Հովհաննես Շիրազի ձեռքով գրված, հասանելի դարձան այցելուներին:
Թանգարանն այսուհետեւ ոչ միայն տեսնելու, այլեւ լսելու հնարավորություն է ընձեռում այցելուին: Ոչ միայն Վարպետն ինքը, այլեւ բազմաթիվ լեզվակիրներ կընթերցեն իսահակյանական տողերը, կենսագրական պատն էլ անձայն կպատմի Վարպետի մասին:
Նկարիչ, ծրագրի համադրող-դիզայներ Կարեն Բարսեղյանն ասում է՝ երբ թանգարանը նոր սերնդին չի ներկայանում նորագույն լուծումներով, երեխաներին վանում է: «Այստեղ հնարավորություն չունեինք լսելու կամ կարդալու, քանի որ գիրքը ցուցափեղկի տակ է, դրան դիպչելն էլ՝ արգելված: Այժմ դրանք թվայնացվել են ժամանակակից տեխնոլոգիաների մեջ ու հասանելի դարձել ցանկացողներին»:
Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասում է՝ թանգարանում վերջին փոփոխությունը 20 տարի առաջ էր եղել: Ըստ նրա՝ մերօրյա այցելուին հետաքրքրում են ժամանակի պահանջներին համապատասխան ցուցասրահները: Նորարարական լուծումներով ցուցադրությունն էլ կնպաստի, որ Վարպետի հուշատունը դառնա ամենահաճախ այցելվողներից:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ՝ «Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցադրության փոփոխություն եւ կահավորման թարմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։