Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն համոզմունք է հայտնել, որ դեռեւս վաղ է քննարկել Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջեւ գազային միության գաղափարի բովանդակությունը: Ըստ նրա՝ գաղափարը պետք է լրջորեն ուսումնասիրեն մասնագետները։
«Գազային միության բովանդակությունը դեռ վաղ է քննարկել, քանի որ առայժմ դա գաղափար է: Դիվանագիտության մեջ շատ մտքեր են հնչում, ուստի դրանք նախքան այս կամ այն պետական որոշում ընդունելը պետք է արժանանան մասնագետների ուշադրությանը»,- ասել է Վասիլենկոն: Նա հավելել է, որ որեւէ որոշում ընդունելուց առաջ տվյալ գաղափարն ուսումնասիրում են երկրի նախագահն ու փորձագետները:
Անդրադառնալով հակառուսական պատժամիջոցների պայմաններում հնարավոր ռիսկերին՝ փոխնախարարը նշել է, որ Ղազախստանում ստեղծված կառավարական հանձնաժողովը խնդիր է դրել կանխելու պատժամիջոցների բացասական ազդեցությունը Ղազախստանի տնտեսության վրա, միաժամանակ կանխել Ղազախստանի տարածքի օգտագործումը պատժամիջոցները շրջանցելու համար։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել էր գազի ոլորտում խնդիրները լուծելու նպատակով ՌԴ-ի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի եռակողմ միություն ստեղծելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի մասին։