Արդարադատության հակախորհրդանիշ Մնացական Մարտիրոսյանն ընտրվել է կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնող դատավոր, ինչը վրդովմունքի պատճառ է դարձել։
Մնացական Մարտիրոսյանը, բայց, արդարադատության համակարգի միակ մերժելի կերպարը չէ։ Այդ համակարգում պատվեր կատարող, պատվերի սպասող քննիչները, դատախազները, դատավորները միշտ էլ շատ են եղել ու կան։ Մի հսկայական ժամանակահատված ամբողջ այդ համակարգն էր պատվերով աշխատում։
Մնացական Մարտիրոսյանն այդ համակարգի հարազատ ու նաեւ աչքի ընկնող զավակն է։ Նա է 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո վարել «7»-ի գործը, 2001-ին նրա վճռով է կոծկվել Պողոս Պողոսյանի սպանությունը, նրա վճիռներով են դատապարտվել Ժիրայր Սեֆիլյանը (2007), Գեւորգ Սաֆարյանը (2017), 2018-ի իշխանափոխությունից հետո նա է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի եւ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործերով դատավորը։ Այս ամենը հաշվի առնելով՝ նրա ընտրությունը որպես 2018-ի հեղափոխության պարտություն է դիտարկվում։
Բայց եթե ազնիվ լինենք, պետք է խոստովանենք՝ հեղափոխությունը նոր չէ, որ պարտություն է արձանագրում։ Պարտությունների շարքը սկսվել է հեղափոխությունից անմիջապես հետո, երբ պարզվեց, որ հեղափոխությամբ իշխանության եկածները բոլորովին էլ հեղափոխականներ չեն։ Եթե ինչ որ փուլում անգամ հեղափոխականներ են եղել, ապա իշխանական միջանցքներում հայտնվելուց հետո դադարեցին։ Առաջնային դարձան նրանց համար իշխանության ընձեռած հնարավորություններն ու բարիքները։ Դարձան իշխանավորի այն տեսակը, որպիսիք կային իրենցից առաջ, որոնց մեզ հետ միասին մերժում էին։
Հեղափոխության պարտություն էր, երբ նրանք հեղափոխության ամբիոնից հնչեցրած խոստումներն առոչինչ համարեցին։
Հեղափոխության պարտություն էր, երբ հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետն այդ հեղափոխությունն իր մենաշնորհը համարեց։ Հաջողությունից գլուխը կորցրած՝ իրեն Գանդի կամ Կրոմվել երեւակայելով՝ մեր կողմից իրեն տրված վստահության իմաստը չհասկացավ, մսխեց այն անփութորեն, տարավ մեզ պատերազմի ու պարտության։
Հեղափոխության պարտությունն էր, երբ 2020-ի նոյեմբերին ռազմաճակատում արձանագրված ջախջախիչ պարտությունից հետո, երկրի շահը մի կողմ դրած, իշխանությունը պահելու մարմաջը հաղթեց։ Բոլորը խոսում ու բացատրում էին, որ պարտությունից հետո երկրին նոր բանակցող է պետք, որ պարտության փաստաթուղթը ստորագրած ղեկավարը լիարժեք բանակցող լինել չի կարող, որ նրա մնալու պարագայում նոր կորուստներ են արձանագրվելու, բայց նա որոշեց, որ պետք է մնա։ Արդյունքում նոյեմբերի 9-ի պարտությանը նոր պարտություններ հաջորդեցին, ու մենք մի այնպիսի փակուղում ենք, որտեղից, գլխավորապես իր պատճառով, ելքեր չեն գտնվում։
Մենք մեր հավաքականությամբ ու մեր կամքով իրականացրինք մեր հեղափոխությունը։ Որպեսզի այն կայանա, տարիների պայքար է եղել։ Տարիներ շարունակ լցրել ենք մեզնով հրապարակները, բողոքել ենք ընտրակեղծիքների ու իշխանական կամայականությունների դեմ, մեր լավագույն զավակները բանտարկվել են, կանգնել են ջրցան մեքենաներին հանդիման, ընդունել են ոստիկանական մահակների հարվածները, դիմահար կրակոցն են ընդունել, որ լինի հեղափոխությունը։
Եվ եղավ այն 2018-ի ապրիլ-մայիսին։
Արդյունքում, սակայն, ոգեւորության ալիքին հեծած աճպարարները հայտնվեցին իշխանական միջանցքներում ու փոշիացրին մեր ձեռքբերումները։ Այնպես որ Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը 2018-ի հեղափոխության պարտության շարանում փոքր մի դրվագ է միայն։
Մենք, սակայն, հեռվից ենք գալիս եւ դեռ հեռուն ենք գնալու։ Այս անանցյալները, որ պատահաբար մեզ ուղեկից դարձան, կմնան հետեւում, իսկ մենք կքայլենք դեպի ապագա ու նոր հեղափոխություններ կիրականացնենք, քանի դեռ մեր ծրագրերն ու մեր իղձերն իրականություն չեն դարձել։ Այս մեկը, փաստորեն, փուչ դուրս եկավ։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։