Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիքի ձեւաչափով հանդիպել է Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ:
Զրույցակիցներն ի թիվս երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցրեի, անդրադարձել են նաեւ տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին եւ Հայաստան-Ադրբեջան երկխոսության մեջ Վրաստանի միջնորդական դերին: Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները միակ եւ կարեւոր միջոցն են ցանկացած հակամարտությունը լուծելու եւ առաջ շարժվելու համար:
Ավագ խորհրդականը հայտարարել է, որ Վրաստանը կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում: Ռիքերը հիշեցրել է, որ սերտորեն գործակցել է Թբիլիսիի հետ՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման միջնորդի: Ըստ Ռիքերի՝ Վրաստանը ԵՄ մոնիտորինգային մեխանիզմների աջակցությամբ շարունակում է նպաստել տարածաշրջանային անվտանգությանը:
Ավելի վաղ Ռիքերը աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան: Բաքու եւ Թբիլիսի այցերից հետո նա դեկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան: «Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը Երեւանում կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների եւ այլոց հետ՝ քննարկելու համար Միացյալ Նահանգների աջակցությունը տեւական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյբուքյան գրառման մեջ։