Ըստ Aljazeera.com-ի՝ ՄԱԿ-ի հետաքննությունը պարզել է, որ հունվարին Ֆրանսիայի օդային հարձակման պատճառով Մալիում հարսանեկան արարողության ժամանակ 19 քաղաքացի է զոհվել։ Ֆրանսիական կողմը պնդում է, որ թիրախում եղել են միայն «ահաբեկիչները»։
ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքներով զբաղվող հանձնախումբն այցելել է հարձակման վայրը՝ Բունթի, վերլուծել արբանյակային պատկերներն ու զրուցել 400 մարդու հետ։
Հանձնախմբի կազմած զեկույցում ասվում է, որ հարսանեկան արարողության 19 մասնակից, որոնցից երեքը՝ զինված, տեղում մահացել են, երեք քաղաքացի էլ մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս։ Ընդհանուր առմամբ հարսանիքի մասնակիցներից հինգը զինված է եղել, սակայն հարձակման հիմնական զոհերը դարձել են անզեն քաղաքացիները։
Ֆրանսիան հերքել է ՄԱԿ-ի հայտարարությունը։ «Միակ աղբյուրները, որոնց վրա հիմնված է այս զեկույցը, տեղացիների վկայություններն են: Դրանք երբեք չեն արձանագրվում, վկաների ինքնությունը եւ նրանց վկայություն տալու պայմանները երբեք չեն նշվում»,- ասված է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։