Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է շախմատիստների վարկանիշային նոր աղյուսակը: Այն վստահորեն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն 2859 վարկանիշային միավոր վաստակած Մագնուս Կառլսենը: Նրան հաջորդող չինացի Դին Լիժենը հետ է մնում 48 միավորով:
Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունք՝ 2699 միավոր վաստակած Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 40-րդ տեղը: Անցած ամսվա համեմատ մեր հավաքականի առաջատարը նահանջել է մեկ աստիճանով:
Առաջին 100 շախմատիստների շարքում է նաեւ Հայկ Մարտիրոսյանը, որը 2682 միավորով զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը: Նոյեմբերի համեմատ նա նահանջել է 7 աստիճանով: Անցած ամսում 100-ի մեջ գտնվող Շանթ Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը բավականին զիջել են իրենց դիրքերը եւ դուրս են մնացել նոր ցանկից:
Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը: Հայաստանի շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 2431 միավորով զբաղեցնում է 36-րդ տեղը: Աննա Մկրտչյանը 69-րդն է, Լիլիթ Մկրտչյանը 73-րդն է, իսկ աշխարհի եւ Եվրոպայի Մ-18 չեմպիոն Մարիամ Մկրտչյանը՝ 87-րդը: Վերջինս առաջին անգամ է ընդգրկվում 100 լավագույն շախմատիստուհիների ցուցակում: