ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մտադիր է պայմանագիր կնքել ամերիկյան ռազմա-արդյունաբերական եւ օդատիեզերական Raytheon Technologies ընկերության հետ՝ Ուկրաինայի համար 1,2 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով 6 NASAMS շարժական զենիթահրթիռային համակարգեր արտադրելու համար։
Պայմանագրի ժամկետների եւ այլ մանրամասների մասին տեղեկություններ չկան։ Պաշտոնական աղբյուրներն այս լուրը դեռեւս ոչ հերքել են, ոչ հաստատել։ Սակայն հայտնի է, որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ մի քանի NASAMS-ներ փոխանցել են Կիեւին, ինչի մասին սեպտեմբերի վերջին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իսկ նոյեմբերի սկզբին՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովը։
Բրիտանացի ռազմական մեկնաբան Թիմ Ռիփլիի համոզմամբ՝ NASAMS զենիթահրթիռային համակարգերի շնորհիվ Ուկրաինան բավական կուժեղացնի սեփական հակաօդային պաշտպանությունը։ Առանցքային նշանակություն ունեցող թիրախների նկատմամբ Կիեւը հակաօդային պաշտպանության «հովանոցներ» կունենա։ Նման թիրախներ են կամուրջները, գործարաններն ու օդանավակայանները։ Վերոնշյալ օբյեկտներն այդկերպ կապահովագրվեն ռուսական թեւավոր հրթիռների հարվածներից։
Պատրաստեց Արման Գրիգորյանը