Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի Միլի մեջլիսը դատապարտել է Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատների ընդունած հայամետ եւ հակաաադրբեջանական բանաձեւերը՝ դրանք որակելով «կողմնակալ, ոչ օբյեկտիվ եւ անարդար»։ Ադրբեջանի օրենսդիր մարմինը Ֆրանսիային հորդորել է հրաժարվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարող քայլերից:
Ադրբեջանցի օրենսդիրներն առանձին հայտարարությամբ հերքում են Ազգային ժողովի այդ բանաձեւը՝ գնահատելով այն որպես «քաղաքական երեսպաշտություն»։ «Ցավում ենք, որ Ֆրանսիայի պետական մարմինների, դրանց թվում՝ խորհրդարանի երկու պալատների սադրիչ քայլերը վնասում են խաղաղության օրակարգը կյանքի կոչելու եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորելու բոլոր փորձերին»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Ֆրանսիայի Սենատի եւ երկրի Ազգային ժողովի՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձեւերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական դիրքորոշումը։