ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 2022-ի առաջին տասը ամսում Հայաստանում հայտնաբերվել է Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վարակի 430 նոր դեպք, ընդ որում՝ մեծամասնությունը 25-39 տարեկան տարիքային խմբում։ Ընդհանուր առմամբ երկրում հայտնաբերվել է մոտ 5 հազար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակման դեպք։ Վարակվածների մեծ մասը՝ 70%-ը, տարբեր տարիքային խմբերի տղամարդիկ են: 2021-ին մահացել է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (ՁԻԱՀ) վարակված 102 մարդ։
ՁԻԱՀ դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է 4-րդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան։ Կլինիկան Հայաստանին է նվիրվել ՌԴ օգնության ծրագրով` «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ տվյալ ծրագիրը հեռավոր շրջաններում, գյուղերում շարժական բուժախտորոշիչ կլինիկայի այցերի միջոցով բնակչությանը ՄԻԱՎ թեստավորում տրամադրելու հնարավորություն է ընձեռում:
ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի զարգացման վերջին փուլն է
ՄԻԱՎ-ը վարակիչ քրոնիկ հիվանդություն է։ Այն բնութագրվում է իմունային համակարգի հատուկ վնասվածքով, ինչը հանգեցնում է դրա դանդաղ ոչնչացմանը, ուղեկցվում է վարակների եւ երկրորդային չարորակ նորագոյացությունների զարգացմամբ: Դեռ չկա դեղամիջոց, որը կարող է օրգանիզմից հեռացնել ՄԻԱՎ-ը, այդ պատճառով վարակը դեռ անբուժելի է, սակայն այն ճնշվում է դեղամիջոցներով: ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի զարգացման վերջին փուլն է: ՁԻԱՀ-ի փուլում իմունային համակարգը այնքան թուլացած է, որ ՄԻԱՎ վարակի ֆոնին զարգացող այլ հիվանդություններ անդառնալի ընթացք են ունենում եւ հանգեցնում են մահվան: