Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հետաքրքիր մանրամասներ է բացահայտել ԼՂ հիմնախնդրի՝ այս տարիների բանակցություններից եւ այս համատեքստում անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Լավրովը պնդել է, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ «Այս փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հայկական կողմը մեզ ասում է` թող Ռուսաստանը պաշտպանի Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր առաջարկները, դա փոքր-ինչ այլ օպերայից է, բանակցություններ վարելու հետ կապ չունի»,- մանրամասնել է նա։
Բացի այդ, ըստ Լավրովի, Հայաստանի ղեկավարությունը վերջին ժամանակներս խոսում է արդեն ոչ այնքան կարգավիճակի, որքան այն մասին, որ պետք է երաշխավորել Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները, եւ Ադրբեջանը պատրաստ է դրան։
Եթե հիշում եք, պրահյան հանդիպումից հետո «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւս անդրադարձել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ հայտարարել, որ ամերիկյան տարբերակը ենթադրում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում, խնդիր չկա, Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի Երեւանի ցանկացած ընտրության»։
Այլ կերպ ասած՝ ռուսական կողմը ԼՂ կարգավիճակի մասին խոսելիս պատասխանատվության բեռը Հայաստանի վրա է դնում՝ շեշտելով, որ պաշտոնական Երեւանն է համաձայնել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում տեսնելու հեռանկարին։ Իսկ իրենք այդքանից հետո անելիք չունեն։
Որքանով է անկեղծ Լավրովը՝ այլ հարց է։ Բայց պետք է արձանագրենք մեկ պարզ իրողություն․Արցախի հարցում Հայաստանը դաշնակից չունի։ Այս ձեւակերպումը դեռ 1997 թվականին հնչեցրել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածում։ Նույն միտքը նա կրկնել էր նաեւ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։
Նույն իրավիճակն է նաեւ այսօր. ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանն այսօր միակարծիք են ԼՂ կարգավիճակի հարցում՝ մեկ տարբերությամբ․ դեռ մինչեւ վերջերս ռուսական միջնորդությամբ հնարավորություն կար կարգավիճակի հարցը ոչ թե փակելու, այլ թողնելու ապագային։ Բայց կարծես թե պրահյան հանդիպումից հետո ՌԴ-ն այս հարցում հետ է քաշվել՝ փորձելով պատասխանատվությունը թողնել հայկական կողմի վրա։ Պատահական չէ, որ այս հարցում Լավրովը հենց Հայաստանի անունն է շեշտում եւ որեւէ մեղադրանք չի ուղղում Ադրբեջանին։
Իհարկե, ԼՂ կարգավիճակի վերաբերյալ երկու տարբերակն էլ ձեռնտու է պաշտոնական Մոսկվային․ եթե կարգավիճակի հարցի քննարկումը հետաձգվում է անորոշ ժամանակով, նա լեգիտիմ հնարավորություն է ստանում հիմնավորելու տարածաշրջանում, մասնավորապես Արցախում ռազմական ներկայությունը։
Իսկ եթե կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն, ու այսպես փակվում է ԼՂ կարգավիճակի թեման, այնումենայնիվ, ռուսական ռազմական ներկայությունը կարող է պահպանվել՝ այս անգամ Ադրբեջանում ապրող արցախցիների անվտանգության երաշխավորման համար։ Եվ ստացվում է, որ ռուսական զորախումբը Արցախում է բացառապես հումանիտար նպատակներով․ իրավիճակ, որ ցանկացած գերտերության համար երանելի է։
Եվս մեկ հանգամանք․ Լավրովի հայտարարությունները կարելի է համարել վերջին ամիսներին Հայաստանի վարած քաղաքականության պատասխանը, երբ պաշտոնական Երեւանը բացահայտ դեմարշներ էր անում ՌԴ-ի հասցեին՝ միաժամանակ փորձելով Արեւմուտքում գտնել հարցի լուծման բանալին։ Եվ ՌԴ-ն արտգործնախարարի միջոցով հրապարակայնորեն անհարմար դրության մեջ է դնում Երեւանին այս ամիսների պահվածքի համար՝ փորձելով նսեմացնել արեւմտյան պայմանավորվածությունները։
Բացի այդ՝ Արեւմուտքին քննադատելով խաղաղության գործընթացն իր ձեռքը վերցնելու փորձերի համար ՌԴ-ն հերթական անգամ շեշտում է կարեւոր մեկ հանգամանք. «Դժվար է պատկերացնել` ինչպես կարելի է քննարկել սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի հարցերը առանց նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզների, որոնք միայն ռուսաստանյան գլխավոր շտաբում են»։
Ավելի վաղ` ամիսներ առաջ էլ Ռուսաստանի նախագահն էր ընդգծել, որ ամենաճշգրիտ քարտեզներն իրենց ձեռքում են, եւ Մոսկվան պատրաստ է դրանք տրամադրելու կողմերին`սահմանազատմանն աջակցելու համար:
Ասել է թե՝ որքան էլ կողմերը փորձեն այս կամ այն կողմ գնալ, միեւնույնն է՝ գլխավոր իրավական հիմքերը՝ քարտեզները, ՌԴ-ի ձեռքում են, եւ ՌԴ-ն է լինելու մոդերատորը, եթե, իհարկե, այդ գործընթացը դեպի վերջնարդյունքի գնա։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: