Հայաստանի ճարտարապետների պալատը հայտարարություն է տարածել, որում պահանջում է պատասխանատվության ենթարկել 2022-ի ամանորյա լուսազարդարման աշխատանքների հետեւանքով հուշարձան շենքերը վնասողներին: Հայտարարությունում նշվում է, որ Հանրապետության հրապարակում լուսազարդարման աշխատանքներն էական վնաս են հասցրել Հայաստանի խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող եւ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող հուշարձան շենքերին։
Հայաստանի ճարտարապետների պալատն իր խոր մտահոգությունն է հայտնել եւ գործընթացը նախաձեռնած Երեւանի քաղաքապետարանից, ինչպես նաեւ ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմնից՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից պարզաբանում պահանջել: Պալատին մասնավորապես հետաքրքրում է՝ լուսազարդարման նախագծի վերաբերյալ կա՞ արդյոք նախարարության խորհրդակցական մարմնի՝ գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը։
Պալատը համարում է, որ անհրաժեշտ է արժեւորել եւ պահպանել Երեւանի քաղաքային կարեւորագույն հանգույցի ոչ միայն թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլեւ հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը։ Հայաստանի ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել աշխատանքները եւ քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ունեցող շենքերի նախնական տեսքի վերականգնման համար, ընդհուպ պատշաճ կարգով պատասխանատվության ենթարկել հուշարձան շենքերը վնասողներին։