Երեւանում մեկնարկել է Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի չորրորդ միջազգային կոնգրեսը «Տարիքը խոչընդոտ չէ» խորագրով: Կազմակերպել է «Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիան», «Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան» ՀՀ առողջապահության նախարարության եւ «Հայ օգնության ֆոնդի» աջակցությամբ։
Գերիատրիայի (ծերաբուժության) եւ գերոնտոլոգիայի (ծերաբանության) տարեկան կոնգրեսը Հայաստանում տարեցների բժշկության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառում է, որն արդեն չորրորդ տարին միավորում է անվանի գիտնականների ու բժիշկների՝ ներկայացնելու հիվանդությունների՝ տարիքով պայմանավորված առանձնահատկությունները, դրանց վարման, կանխարգելման եւ բուժման նորագույն մոտեցումները։
Ելույթներով ու դասախոսություններով հանդես եկող պրոֆեսորադասախոսական կազմում ներգրավված են առաջատար հայ մասնագետներ եւ հրավիրված գերիատրներ (ծերաբույժներ) Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոնից, Մալթայում ՄԱԿ-ի Ծերացման հարցերով միջազգային ինստիտուտից, Եվրոպական գերիատրիկ բժշկության միավորումից, Հարվարդի համալսարանից։
«Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի» նախագահ Արթուր Թորոսյանն իր ելույթում նշեց՝ առողջ ծերացումը շատ կարեւոր է, եւ այս հարցում իրենց ներդրումը կարող են ունենալ ոչ միայն բուժաշխատողները, այլեւ հասարակությունը՝ տարեցներին խտրական չվերաբերվելով ու գնահատելով նրանց ներուժը։ Ըստ նրա՝ կարեւոր է, որ տարեցների ընտանիքի անդամները կամ նրանց խնամողները եւս որոշակի գիտելիքներ ունենան տարեցների խնամքի մասին․ մասնագետները մշակել են համապատասխան ուղեցույցներ, որոնք կարելի է գտնել առողջապահության նախարարության կայքում։
Արթուր Թորոսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց՝ կոնգրեսն առաջին անգամ կազմակերպվել է 2018 թվականին եւ անցկացվել է ամեն տարի՝ բացի 2020 թվականից։
«Գերիատրիան բժշկության մեջ նոր մասնագիտացում է։ «Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան» ստեղծվել է 2018-ին։ Մեր երկրում դեռեւս չկան համապատասխան որակավորում ունեցող գերիատրներ։ «Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի» եւ «Հայ օգնության ֆոնդի» համատեղ ջանքերով 2023-ի փետրվարին Հայաստանից երկու բժիշկ կմեկնի Մոսկվայի Պիրոգովի անվան բժշկական համալսարան՝ քառամսյա վերապատրաստման ծրագրի մասնակցելու։ Այդ ծրագրի շնորհիվ 2023-ից Հայաստանում երկու գերիատր կունենանք»,- նշեց Արթուր Թորոսյանը։
Նախատեսվում է այս ծրագրից հետո նաեւ Հայաստանում կրթական, վերապատրաստման ծրագրեր կազմակերպել։
«Հիմնականում առողջության առաջնային պահպանման օղակում բուժսպասարկում տրամադրող բժիշկներն են բուժում տարեցներին, հետեւաբար հատկապես այդ մասնագետներն են հետաքրքրված գերիատրիայով։ Վերապատրաստումների, նոր գիտելիքներ ստանալու շնորհիվ բուժումն ավելի արդյունավետ կընթանա, տարեցների կյանքի որակն էլ կբարելավվի»,- նշեց Արթուր Թորոսյանը։
Կոնգրեսին տեսակապով միացած՝ Ռուսաստանի գլխավոր գերիատր, Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Օլգա Տկաչեւան ներկայացրեց Ռուսաստանի՝ ծերաբուժության ոլորտի իրենց փորձը։
Ռուսաստանում աշխատում են որակավորված ծերաբույժներ, սակայն նրանք քիչ են՝ 1552-ը։ 20 հազար բնակչին մեկ ծերաբույժ է բաժին ընկնում։ Ռուսաստանի բուհերում արդեն 40 ամբիոն է բացվել, որտեղ կրթություն են ստանում մեր ապագա ծերաբույժները։
«Մեր երկրում կա 77 ծերաբուժական կենտրոն։ Մեր նպատակն է տարեցներին տրամադրվող բուժսպասարկման որակը հնարավորինս արդյունավետ դարձնել։ Ծերաբուժական կենտրոնների հիմնումը թեթեւացնում է պոլիկլինիկաների եւ ընտանեկան բժիշկների ծանրաբեռնվածությունը, այսինքն՝ տարեցները առողջական խնդիրներ ունենալու դեպքում դիմում են ոչ թե պոլիկլինիկայի բժիշկներին կամ ընտանեկան բժշկին, այլ ծերաբուժական կենտրոնի ծերաբույժներին եւ այնտեղ մասնագիտացված բուժօգնություն են ստանում»,- նշեց Օլգա Տկաչեւան։
Ռուս մասնագետներն ակնկալում են, որ ծերաբուժության զարգացման շնորհիվ առաջիկա տարիներին հնարավոր կլինի տարեցների շրջանում 16,3-19 տոկոսով նվազեցնել մահացության ցուցանիշները, իսկ տարեցների կյանքի որակը նկատելիորեն կբարելավվի։
Օլգա Տկաչեւան նշեց, որ ռուս ծերաբույժները պաստրաստակամ են փորձի փոխանակման ծրագրերի մասնակցելու հայ մասնագետների հետ։
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր Հոլլիս Դեյը տեսակապով դասախոսություն կարդաց։ Նրա դասախոսությունը վերաբերում էր տարեցների՝ վայր ընկնելու ռիսկերին։ Ծերաբույժը ներկայացրեց իր փորձը, թե ինչ կարելի է անել տարեցի՝ վայր ընկնելու հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։ Բժիշկ Հոլլիս Դեյն իր բուժառուին ընդունելիս մանրամասն զննում է նրան «ոտքից գլուխ» սկզբունքով եւ համապատասխան խորհուրդներ տալիս։
«Կան բուժառուներ, որոք գալիս են բարձրակրունկ կոշիկով, անհարմար գուլպայով, եւ ես, դա նկատելով, նրանց խորհուրդ եմ տալիս ընտրել ճիշտ կոշիկ կամ գուլպա։ Սրանք կարող են մանրուք թվալ, բայց տարեցների շրջանում ընկնելու ռիսկը մեծ է։ Եթե մյուս պացիենտների պարագայում ընկնելու հավանականությունը 8 տոկոս է, ապա տարեց պարեցների պարագայում՝ 78 տոկոս։ Ծերաբույժը պետք է դեղամիջոցներ նշանակելիս եւս աչալուրջ լինի, մանրամասնորեն դիտարկի այդ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունները»,- նշեց Հոլլիս Դեյը։
Բուժառուի ընտանիքի անդամները պետք է տարեցի համար տանը համապատասխան պայմաններ ստեղծեն, որպեսզի նրա՝ ընկնելու հավանականությունը նվազագույնի հասցվի։
Հատկապես դեմենցիա ունեցող տարեցների դեպքում վայր ընկնելու հավանականությունն ավելի է մեծանում։ Միզուղիների խնդիրներ ունեցող տարեցների շրջանում եւս մեծ է ընկնողների թիվը, քանի որ անմիզապահության պատճառով տարեցները կարող են սանհանգույց շտապելիս ընկնել․․․․
«Ահա այսպես ամենայն մանրասմանությամբ ծերաբույժը պետք է բոլոր գործոնները հաշվի առնի, սրանց մասին տեղեկացնի տարեցին ու նրա ընտանիքի անդամներին, նրանց բացատրի, թե ինչ կարելի է անել ընկնելու հավանականությունը նվազեցնելու համար»,- եզրափակեց Հոլլի Դեյը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։