Ազգային ժողովը չի ընդունել Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022-ի նոյեմբերի 8-ի հայտարարությանը վերաբերող «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել նախագծի քվեարկությանը: Նախագծին կողմ է քվեարկել 31 պատգամավոր:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել էր Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022-ի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: ԱԺ հայտարարության նախագիծը ներկայացրել է հիմնական զեկույցով հանդես եկած Անդրանիկ Թեւանյանը։
Ինչու է ընդդիմության հայտարարության նախագիծն անընդունելի
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանեց, թե ինչու խորհրդարանը չի կարող ընդունել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը, որն առաջարկվում էր ընդունել ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ նոյեմբերի 8-ի հայտարարության:
Ռուբինյանը նախ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքային կետերը՝ նշելով, որ խմբակցության հայտարարության նախագիծը հակասում է այդ կետերին: Նա նշել է, որ ՀՀ-ն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք, որի մի մասը Ադրբեջանը բռնազավթել է, եւ ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ ու առանց որեւէ նախապայմանի հետ քաշվեն այդտեղից:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է լուծում ստանա, հակառակ դեպքում դա նշանակում է Արցախի հայաթափում կամ Արցախի ժողովրդի ցեղասպանություն։ Ռուբինյանի համոզմամբ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային մեխանիզմի մասնակցությամբ: