ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Դեսպան Ռիքերը հետաքրքրվել է Պաշտպանի հաստատության աշխատանքներով: Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը ՄԱԿ-ը հավատարմագրել է որպես Ա կարգավիճակի անկախ հաստատություն։
Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում ապրող անձանց, առավել խոցելի խմբերի, ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները։
Դեսպանի հարցին ի պատասխան Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է հաստատության աշխատանքները Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդրների լուծման հարցում:
Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ՄԻՊ-ի վերջին արտահերթ զեկույցները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության թիրախավորմանն ու արձանագրված պատերազմական հանցագործություններին: Առանձին անդրադարձ է արվել սեպտեմբերի 13-14-ի ընթացքում Ադրբեջանի գերեվարած, ապա հայրենադարձված ռազմագերիների հարցազրույցների հիման վրա պատրաստված ՄԻՊ-ի արտահերթ ոչ հրապարակային զեկույցի փաստերին ու հետեւություններին:
ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը եւ ՀՀ ՄԻՊ-ը երկուստեք կարեւորել են հումանիտար հարցերի լուծման գործում անկախ հաստատությունների ներուժի օգտագործումը: