ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ) հայտնել են, որ թունաքիմիկատների՝ Հայաստան ներմուծման պահանջները կխստացվեն։
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է պեստիցիդների (թունաքիմիկատներ) գրանցմամբ եւ ներկրմամբ զբաղվող կազմակերպությունների 30-ից ավելի ներկայացուցիչների հետ:
«Այսուհետ պարտադիր կլինի թունաքիմիկատն արտադրող երկրի եւ արտադրող կազմակերպության գրանցումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների եւ արտադրողների արտադրած թունաքիմիկատների մուտքը երկիր: Ազդող նյութի լաբորատոր ստուգման ընթացակարգը կմնա նույնը»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։
Նախկինում թունաքիմիկատների գրանցման գործընթացի որոշ փուլերի համար հստակ ժամկետներ սահմանված չէին, եւ այդ անորոշությունը միշտ անհանգստության առիթ է եղել: Այս փոփոխությամբ թունաքիմիկատների գրանցման համար սահմանվել է ժամկետ՝ 26 աշխատանքային օր, որի ընթացքում կկազմակեպվեն գրանցման հայտը ստանալուց մինչեւ բուն գրանցման ու գրանցման վկայականի հանձնման գործընթացները: