Երեւանում տեղի ունեցավ Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի չորրորդ՝ «Տարիքը խոչընդոտ չէ» խորագրով միջազգային կոնգրեսը։ Հոգեբույժ Արմեն Սողոյանն իր ելույթում նշեց՝ տարեցները մեծ ներուժ, փորձ ու գիտելիք ունեն, իսկ դա պետք է գնահատել։
«Ոմանք իրենց տարեց հարազատներին ասում են՝ բիձա մարդ ես, նստի՛ր տանը, ի՞նչ աշխատել։ Այսօր գերտերությունների ղեկավարները տարեցներ են, որոնք որոշում են աշխարհի բախտը։ Այնպես որ, մի՛ թերագնահատեք տարեցների ներուժը։ Իհարկե, կան տարեցներ, որոնք օգնության ու խնամքի կարիք ունեն, բայց չպետք է մտածել, որ տարեցը չպիտի աշխատի կամ անպայման խնամքի կարիք ունի։ Այսինքն՝ պետք է պարզել՝ տարեցների որ խումբն ունի հոգածության ու բժշկական օգնության կարիք, եւ աջակցել նրանց»,- նշեց հոգեբույժ Սամսոն Խաչատրյանը։
Կարեւոր է, որ տարեցները հասարակական կյանքին լիարժեք մասնակցություն ունենան, նրանց իրավունքները պաշտպանված լինեն, եւ իհարկե, պետք է տարեցներին աշխատելու հնարավորություն ընձեռվի, հարկավոր է նրանց մրցունակ դարձնել աշխատաշուկայում։ Առողջ եւ ակտիվ ծերացման համար պետք է միջոցառումներ իրականացվեն։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 2015-2050 թվականները 60-ից ավելի բարձր տարիք ունեցողների թիվը գրեթե կկրկնապատկվի՝ 12 տոկոսից հասնելով 22-ի։
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 65 եւ ավելի բարձր տարիքի անձինք Ճապոնիայում բնակչության 29, Իտալիայում 24, Չինաստանում 12, Հնդկաստանում 7 տոկոսն են։ Սրանք այնպիսի երկրներ են, որտեղ կյանքի որակը բարձր է, իսկ տարեցները պետության, հատկապես առողջապահության համակարգի ուշադրության կենտրոնում են։
«Միջին եկամտաբերություն ունեցող երկրներում սովորաբար 65 եւ ավելի բարձր տարիքի անձինք բնակչության մոտ 11 տոկոսն են։ Մենք մի քիչ ավելի երկարակյաց ենք․ մեր երկրում 65+ տարիքի անձինք բնակչության 12, Վրաստանում 16, Թուրքիայում 9, Իրանում 7, Ադրբեջանում 7, Ռուսաստանում 16 տոկոսն են։ Տարածաշրջանում երկարակեցությամբ զիջում ենք միայն Վրաստանին»,- անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ ընդգծեց հոգեբույժը։
2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թիվը եղել է 2 961 400։ 65+ տարիքի մարդկանց թիվը եղել է 372 900։ Կանայք ավելի երկարակյաց են։ Հայաստանում 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձանց 60,6 տոկոսը (221 100 մարդ) կանայք են։ 2021 թվականի տվյալներով Հայաստանում կանանց կյանքի միջին տեւողությունը 73,5, տղամարդկանցը՝ 68,4 տարի է։ Հայաստանում 56 տարին լրացած անձանցից աշխատանք ունի ընդամենը 11 տոկոսը, որը ցածր ցուցանիշ է։ Հոգեբույժը նշեց՝ շատ կարեւոր է, որ տարեցները զբաղվածություն ունենան, ֆինանսապես կախված չլինեն որեւէ մեկից։
«Ալիք Մեդիա»-ի թղթակցի հարցին՝ իսկ զբաղվածությունն ինչպե՞ս կարող է ազդել տարեցների առողջության վրա, հոգեբույժը պատասխանեց․ «Հայերի սովորույթներից է ծնողների մասին հոգ տանելը, բայց, այդուհանդերձ, եթե տարեցն ուզում է աշխատել, ապա նրան պետք է այդ հնարավորությունը տան նաեւ ընտանիքում, չխոչընդոտեն նրան։ Աշխատող մարդկանց ուղեղը մարզվում է, նրանք ավելի բարձր տրամադրություն են ունենում, երբ զբաղվում են իրենց սիրելի աշխատանքով։ Զբաղվածություն, աշխատանք ունեցող մարդիկ ավելի սթրեսակայուն են, քիչ են դեպրեսիաներ ունենում»։
Անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներին՝ հոգեբույժը նշեց, որ 2022-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թիվը 63 255 է, որից 24 678-ը (39 տոկոսը) հաշմանդամություն ունի, 435-ը՝ դեմենցիա։ Վստահաբար այս թվերը չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ կան մարդիկ, որոնք հոգեկան առողջության խնդիրներ կամ դեմենցիա ունեն, բայց հաշվառված չեն։
Մասնագետն ընդգծեց՝ նկատելի է, որ հոգեկան առողջության խնդիրներ եւ հաշմանդամություն ունեցողների թիվն այսքան մեծ է, քանի որ մարդիկ ուշ են բժշկի դիմել, հետեւաբար նրանց կյանքի որակը վատացել է, ապա հանգեցրել հաշմանդամության։
«Կան դեպքեր, երբ տարեցներն ու նրանց ընտանիքի անդամները կարծում են՝ ամոթ է բժշկի դիմելը, ամոթ է, որ մյուսներն այս մասին իմանան։ Ոմանք էլ կարծում են՝ նորմալ է, որ տարեցը թուլամտություն ունենա, կամ թուլամտությունն ընկալում են որպես տվյալ մարդու բնավորություն։ Օգնության կարիք ունեցողները պետք է ժամանակին բժշկի դիմեն․ սա պետք է գիտակցեն ե՛ւ տարեցները, ե՛ւ նրանց ընտանիքի անդամները, քանի որ այդ պարագայում հնարավոր կլինի կանխել կամ հնարավորինս դանդաղեցնել հիվանդությունների ընթացքը»,- եզրափակեց հոգեբույժը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։