Մարմնի եւ հագուստի զարդանախշման սովորությունը հայտնի է վաղնջական ժամանակներից: Զարդ կրել են ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ՝ ինչպես գեղեցիկ լինելու, այնպես էլ չար աչքից պաշտպանվելու համար: Շատ զարդերի վերագրվել է չարխափան հմայիլի զորություն: Հավատացել են նաեւ, որ զարդերի մետաղական ձայները հեռու են վանել չարերին:
Ազնիվ մետաղներից հիմնականում օգտագործել են ոսկի եւ արծաթ. ոսկին արեւի ու թագավորների խորհրդանիշն է եղել, արծաթը՝ լուսնի ու թագուհիների: Ընդ որում, եթե ոսկի ընդունված էր կրել կիրակի օրերին, ապա արծաթ՝ երկուշաբթի: Տարածված են եղել մետաղագործական բազում տեխնիկաներ՝ ձուլում, դրվագում, ֆիլիգրան կամ զուգաթել, դրոշմում, հատիկազարդում, էմալապատում եւ այլն: Արծաթյա կամ ոսկյա զարդերի վրա ագուցում էին փիրուզ, ագաթ, սուտակ, նռնաքար, զմրուխտ, օբսիդիան եւ այլ թանկարժեք քարեր, որոնք եւս ունեին չարխափան զորություն:
«Մետաղադրամներով զարդարված ճակատնոցներ, որոնց կոպեկների քանակից կամ նյութից կարելի էր հասկանալ կրողի սոցիալական դիրքը, քունքակախիկներ, բուսական նախշազարդերով եւ ագուցված գունավոր քարերով ականջօղեր, Մուշ-Տարոնի ու Վանի կանանց գլխի հարդարանքի մաս կազմող արծաթե թասակներ, Սյունիք- Արցախյան կեռազարդեր, Վասպուրականի շրջանի վիշապավզնոցներ եւ այլ զարդեր կարելի է տեսնել թանգարանում»,- տեղեկացրեց Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանի տնօրեն Աննա Դավթյանը:
Հնուց հայ կնոջ կենցաղում զարդերի կարեւորության մասին Աննայի ներկայացրածը մեկն էր 23 թեմաներից, որ ընդգրկվել էին «Երկրաբանությունը զարգացող աշխարհում. Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան եւ ապագան» խորագրով գիտապրակտիկ աշխատաժողովի շրջանակում:
Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան եկրաբանական թանգարանն արդեն երկրորդ անգամ է կազմակերպում նման միջազգային աշխատաժողով:
Այս անգամ աշխատաժողովը կազմակերպվել էր թանգարանի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանրապետական երկրաբանական ֆոնդի 85-ամյակների առիթով՝ կամրջելով երկրաբանական երկու կառույցները:
«Աշխատաժողովի նպատակը գիտակրթամշակութային եւ կիրառական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման շարունակական գործընթացի հզորացումն ու բարելավումն է»,- ասաց երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը: Նա իր առջեւ նպատակ է դրել նոր շունչ հաղորդել երկրագիտական թանգարանային մշակույթին եւ իր թիմով պարբերաբար գիտակրթական միջոցառումներ է նախաձեռնում՝ հանրահռչակելու հանրապետության երկրաբանական կառուցվածքն ու ընդերքի հարստությունները:
Երկրաբանական թանգարանը ստեղծվել է 1937 թվականին՝ նախկին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի երկրաբանական գիտությունների ինստիտուտին կից՝ երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի հարուստ եւ բազմաբովանդակ հավաքածուների հիման վրա:
Աշխատաժողովին վերհանվեցին ամենատարբեր հարցեր՝ լեռնային գործի, հանքարդյունաբերության ու բնօգտագործման խնդիրներից մինչեւ թանգարանային եւ արխիվային գործ, հուշարձանների պահպանություն ու երկրաբանական տուրիզմ:
«Երկրաբանական թանգարանը Հայաստանում միակն է: Հանրությանն ապահովում է ոչ ֆորմալ, իսկ ուսանողներին՝ ֆորմալ կրթությամբ: Ավելի քան տասը տարի է թանգարանում իրենց գիտաուսումնական պրակտիկան են անցնում Երեւանի պետական, ճարտարագիտական, Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանների ուսանողները: Ծանոթանում են օգտակար հանածոներին, Հայաստանի բնաշխարհին, բնության եզակի երկրաբանական հուշարձաններին: Հատկապես զբոսավարության բաժիններից են շատ ուսանողներ գալիս»,- տեղեկացրեց տիկին Գրիգորյանը:
Թանգարանում ցուցադրված են ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի 48 երկրների հանքավայրերից բերված միներալներ, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի նմուշներ: Այստեղ է նաեւ տարածաշրջանում հայտնաբերված միակ բրածո փղի կմախքը: Այն գտնվել է Գյումրիի «Կազաչի պոստ» կոչվող տեղամասից 1927 թվականին, վերականգնվել 1940-1950- ականներին ու ցուցադրվում է մինչ այժմ: Եզակի նմուշներից է, որ ապացուցում է Հայաստանի տարածքում տեղի ունեցած բնակլիմայական փոփոխությունները, մասնավորապես, որ մինչ սառցապատումների ժամանակաշրջանն այստեղ եղել են փղերի նախահայրերը:
Բանախոսներից ՃՇՀԱՀ գեոէկոլոգիայի եւ կենսաանվտանգության ամբիոնի դասախոս Սուսաննա Թովմասյանի խոսքով Հայաստանը հարուստ է էպիկական լանդշաֆտի յուրօրինակ ձեւերով, որոնք մեր բնական ժառանգությունից զատ հավակնում են ընդգրկվելու Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի (UNESCO) կազմակերպության համաշխարհային բնական ժառանգության ցանկում, սակայն այդ ուղղությամբ համարժեք քայլեր չեն ձեռնարկվում: Աշխատաժողովի մասնակիցները համաձայնեցին, որ համատեղ մեծ անելիք ունեն Հայաստանի երկրաբանական հարստությունն աշխարհին առավելի ճանաչելի դարձնելու գործում:
Թանգարանի 85-ամյակի կապակցությամբ պատվոգրով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին թանգարանի բոլոր աշխատակիցները: Երկրաբանական թանգարանի եւ Հանրապետական երկրաբանական ֆոնդի աշխատակիցներին հոբելյանի առիթով շնորհավորեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Մեզ ոչ միայն պետք է եղածը պահպանել, այլեւ արդի գիտական նորարարությունները փորձել օգտագործել, այդ հսկայական տեղեկատվությունը փորձել թվայնացնել, ինչպես նաեւ անընդհատ շարունակվող նոր ուսումնասիրություններում փորձել նորարարական մեթոդները, նորարարական գիտելիքներն իրականություն դարձնել»,- նշեց նա:
Աշխատաժողովի շրջանակում քննարկվեցին համագործակցության նոր ուղիներ: Համաձայնության հուշագրեր ստորագրվեցին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կարելիայի գիտական կենտրոնի երկրաբանության ինստիտուտի եւ Հայ-չինական գործընկերության կենտրոն ՀԿ-ի հետ, որի միջոցով հնարավոր կլինի կապեր հաստատել եւ համագործակցել Չինաստանի բնագիտական թանգարանների ու գիտակրթական հաստատությունների հետ։ Նախատեսվում են փոխադարձ այցեր, օգտակար հանածոների նմուշների եւ գիտական ուսումնական նյութերի ու ծրագրերի փոխանակում:
Աշխատաժողովի շրջանակում այց կազմակերպվեց ստորգետնյա աղե քաղաք: «Ավանի աղի կոմբինատի» աշխատակիցները խմբին ուղեկցեցին գործող աղի հանքավայրի 235 մետր խորության վրա գտնվող հանքաշերտեր: Խումբը ծանոթացավ քարաղի արդյունահանման գաղտնիքներին, եղավ թե՛ գործող, թե՛ մշակված աղի խցերում՝ շնչելով աղով հագեցած բուժիչ օդը:
Հանքավայրն առաջացել է 25 միլիոն տարի առաջ՝ հնագույն ծովի գոլորշիացման արդյունքում: Հանքի շինարարությունը մեկնարկել է 1952 թվականին, շահագործվում է 1965-ից: Խորհրդային տարիներին տարեկան 200 հազար տոննա աղ է արդյունահանվել հանքավայրից, ընդհանուր ավելի քան 3 մլն 100 հազար տոննա: Ներկայում կոմբինատը տարեկան 15 հազար տոննա աղ է արդյունահանում: Թեեւ որոշ հորիզոններ ստիպված են եղել կոնսերվացնել տարածքում կառուցված շենքերի անվտանգությունը չխաթարելու պատճառով, նույն ծավալով աշխատելու դեպքում արդյունահանման համար թույլատրելի հատվածի պաշարը կբավականացնի եւս 42 տարի:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։