Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնել է, որ Շվեդիան Անկարային է արտահանձնել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությանն (PKK) անդամակցելու համար դատապարտված առաջին անձին։
Նշվում է, որ Շվեդիան այդպիսով կոնկրետ քայլ է արել` կատարելով ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ ստորագրած հուշագիրը։
Թուրքիայում 6 տարի 10 ամսով դատապարտված Մահմութ Թաթը 2015-ին Շվեդիային էր դիմել ապաստան ստանալու խնդրանքով, սակայն նրան մերժել էին։
Որոշ ժամանակ առաջ նրան ձերբակալել էր Շվեդիայի ոստիկանությունը։ Ուրբաթ երեկոյան Թաթին Ստամբուլ են հասցրել, որտեղից նրան ուղարկել են մեկուսարան դատավճռի կատարմանն առնչվող գործընթացներն իրականացնելու համար։