Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման եւ կոնսերվացման բաժինը հիմնադրվել է 1945 թվականին: Ի սկզբանե մասնակցել է Հայաստանի հնագիտական արշավախմբերի աշխատանքներին: Թանգարանի մասնագետները վերականգնել եւ ամրակայել են Լճաշենի, Արթիկի, Կարմիր բլուրի, Շենգավիթի, Լոռի բերդի, Դվինի եւ այլ հնավայրերի պեղումների ընթացքում հայտնաբերված տասնյակ հազարավոր հնագիտական եզակի առարկաներ, Հայաստանի տարբեր շրջաններից հավաքված ազգագրական նյութեր, եկեղեցական պարագաներ եւ այլն: Նրանցից շատերը ներկայացված են ինչպես թանգարանում, այնպես էլ միջազգային տարբեր ցուցահանդեսներում: