Երեւանյան լիճը դատարկվել է, ու մայրաքաղաքի շատ բնակիչներ զարմանալու առիթ ունեն. պարզվում է՝ լճում թաքնված կամուրջ է եղել: Փայտե այդ կառույցը ջրի տակ է եղել մոտ 60 տարի: Երեւանյան լիճը, որտեղով անցնում է Հրազդան գետը, ստեղծվել է 60-ականներին որպես ջրամբար, դրանից առաջ լճի տեղում Հին Կողբ անվանումով գյուղ է եղել:
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գայանե Ներսիսյանն «Առաջինի լրատվական ալիք»-ին հայտնել է, որ լիճը դատարկելու հիմնական պատճառը այստեղ սկսված բարեկարգման աշխատանքներն են: Այժմ հենապատ է կառուցվում: Երեւանյան լճին առնչվող բնապահպանական ծրագրերով մաքրվել է առափնյա տարածքը, շուրջ 12 հազար խմ աղբ է հեռացվել: Որպեսզի պլաստիկն ու աղբը նորից չլցվեն ջրամբար, Հրազդան գետում ճաղավանդակ է դրվել:
Լճի աջակողմյան հատվածում՝ Իսակովի պողոտային հարող 2.8 հեկտար տարածքում, հանգստի գոտի է կառուցվելու: Այստեղ կլինեն ճեմուղի, հեծանվուղի, մարզասարքեր ու նստարաններ: Տարածքը նաեւ կկանաչապատվի: Կտնկվեն լանդշաֆտին ու կլիմայական պայմաններին համապատասխան ծառեր ու թփեր: Այդ աշխատանքները կսկսվեն բարեկարգումից անմիջապես հետո:
Լիճը դատարկելու մյուս պատճառը բնապահպանական ներդրումային ծրագիրն է. Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում առաջին անգամ կկառուցվի ջրի վրա լողացող արեւային ֆոտովոլտային կայան: