Եղեգնաձորը Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է։ Մինչև 1935 թվականը բնակավայրը կոչվում էր Խոտորալեզ, ապա վերանվանվեց Միկոյան։ 1958 թվականից Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով վերանվանվեց Եղեգնաձոր։
Եղեգնաձորում բնակվում է մոտ 7,944 մարդ։
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը ամենահայտի մշակութային կենտրոններից մեկն է։ Այստեղ պարբերաբար անցկացվում են քաղաքում տեղի ունեցող մշակութային միջոցառումներն ու կրթական ծրագրերը։
Եղեգնաձորի մոտ է գտնվում Արփայի հին կամուրջներից մեկը՝ Ագարակաձորի կամուրջը (13-րդ դար)։
Նախքան ԽՍՀՄ փլուզումը, Եղեգնաձորը զարգացած տնտեսություն ունեցող բնակավայր էր։ Այստեղ գործում էին Երևանի «Էլեկտրասարք» արտադրատեխնիկական միավորման և «Հայգորգ» ֆիրմայի մասնաճյուղը։
Եղեգնաձորում էին բուծում բալբաս ցեղատեսակի ոչխարներ, որի բուրդը գորգագործության լավագույն հումք էր համարվում։
Եղեգնաձորն այսօր էլ փորձում է զարգացնել իր տնտեսությունը քաղաքում գործող կահույքի, քարերի և շինանյութերի, գինե տակառների արտադրամասերի, տրիկոտաժի և կարի արտադրության շնորհիվ։
Այստեղ գործում է սարքերի գործարան, որտեղ արտադրվում են չափիչ սարքեր։ Արագ զարգանում է ագրոարդյունաբերությունը, որտեղ արտադրվում են գինիներ, կաթնամթերք, պահածոներ։