Ըստ Middle East Monitor-ի` Ադրբեջանի հայտարարությունը Իսրայելում դեսպանատուն բացելու մտադրության մասին անսպասելի համարել չէր կարելի, քանի որ այն արտացոլում էր ամուր հարաբերությունները, որ առկա են երկու երկրների միջեւ ահա արդեն երեք տասնամյակ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական եւ թե՛ անվտանգային ոլորտներում։ Ու թեեւ Բաքվում իսրայելական դեսպանատուն կար, սակայն Ադրբեջանը Թել Ավիվում միայն ուներ կոմերցիոն եւ զբոսաշրջային գրասենյակներ։ Այս որոշումը մասամբ բացահայտում է դիվանագիտական այն ռազմավարությունը, որին հետեւում է Ադրբեջանը վերջին տարիներին։
Ադրբեջանն այժմ գլխավորում է այն երկրների ցանկը, որոնք Իսրայելը պահում է իր ուշադրության կենտրոնում։ Պատճառները տարբեր են, ու դրանց շարքում Ադրբեջանի կարեւոր աշխարհաքաղաքական դիրքը եւս հաշվի է առնված։ Ադրբեջանով Իսրայելն ըստ էության մուտք է գործում «Ռուսաստանի ետնաբակ», ու Ադրբեջանի շնորհիվ Իսրայելը կարողանում է ծածկել նավթի եւ գազի պահանջարկի 48 տոկոսը։ Բացի այդ՝ Ադրբեջանը գտնվում է Իրանի հարեւանությամբ, եւ հիմա ադրբեջանա-իրանական հարաբերություններում նկատվում է լարվածության զգալի աճ, ինչը մասամբ նաեւ պայմանավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտության վերաբերյալ պաշտոնական Թեհրանի դիրքորոշմամբ։ Ադրբեջանն Իսրայելի համար նաեւ սեփական ռազմական արդյունաբերական արտադրանքի իրացման կարեւոր շուկա է։ Բաքուն եւ Թել Ավիվը համագործակցում են նաեւ հետախուզության ոլորտում՝ մշտապես իրականացնելով գաղտնի տեղեկատվության փոխանակում։
Այս ամենն իհարկե խոսում է այն մասին, որ երկու երկրների միջեւ ամուր դաշնակցային հարաբերություններ կան։ Սակայն դեռ 2016 թվականին, երբ Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել էր Բաքու, եւ քննարկվել էր Իսրայելում ադրբեջանական դեսպանատան բացման հարցը, Բաքուն հրաժարվել էր դա անելուց՝ համաձայնելով ունենալ առեւտրային ներկայացուցչություն. դրա համաձայնությունը տվել է անցյալ տարի։ Այստեղ, ըստ Middle East Monitor-ի, առաջանում է հարց, թե ինչու հենց այս փուլում Ադրբեջանը որոշեց, որ պետք է դեսպանատուն բացի Իսրայելում։ Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Իրանը շիա-մահմեդական երկրներ են, սակայն Իսրայելն Ադրբեջանին համարում է իր հետախուզական «Մոսադ» գործակալության «ֆոր-պոստը» Իրանի դեմ պայքարում։ Ու ըստ էության Ադրբեջանն առաջին շիա-մահմեդական երկիրն է, որն ունենալու է դեսպանատուն Իսրայելում՝ միանալով սուննի-մահմեդական այնպիսի երկրների շարքին, ինչպիսիք են Եգիպտոսը, Հորդանանը, Ալբանիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Կոսովոն։
Իսրայելում դեսպանատուն բացելու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը նախորդեց, ինչպես հայտնի է, բավականին ուշագրավ մի իրադարձություն՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցի այցը Բաքու։ Ամենայն հավանականությամբ այդ այցի արդյունքում Ադրբեջանը ստանալու է տեխնոլոգիական աջակցություն, իսկ Իսրայելը՝ ադրբեջանական նավթի մեծ քանակություն։ Այցի շրջանակում ամենայն հավանականությամբ առաջնահերթ քննարկվել են նաեւ ռազմական եւ անվտանգային հարցերը։ Հիշեցնենք նաեւ, որ իսրայելական էլեկտրոնային բազմաթիվ ընկերություններ ներկայում այլ երկրի գրանցմամբ աշխատում են Ադրբեջանում՝ ստեղծելով պաշտպանական ժամանակակից համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական-ինֆորմացիոն բաղադրիչներ։ Պատահական չեն, թերեւս, այս առումով Իրանի պարբերաբար հնչեցրած ահազանգերը, թե Իսրայելը Ադրբեջանի տարածքից իրականացնում է հետախուզություն։
Իսրայելում լավ գիտեն, որ իրականում Բեննի Գանցի Բաքու այցը նաեւ պայմանավորված է Ադրբեջանի՝ տարածաշրջանում իր դերակատարության փոփոխության գիտակցմամբ։ Հարուստ ընդերքը ռազմական հզորության զուգորդմամբ Ադրբեջանի համար տարածաշրջանում լրիվ այլ դերակատարություն է վերապահում, հատկապես, եթե հաշվի ենք առնում էներգետիկ ճգնաժամը եւ Ռուսաստանի ռազմական հզորության նվազումը։
Մյուս ուշագրավ դրվագը կապված է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում «Եվրասիա» կոչված ստորաբաժանման ստեղծման հետ։ Այդ ստորաբաժանման կազմում ընդգրկված են հրեա տասնյոթ ռուս դիվանագետներ, որոնց հանձնարարված է զարգացնել հարաբերությունները «Եվրասիայի» երկրների հետ, ինչպիսին նաեւ դիտարկվում է Ադրբեջանը՝ «Մոսադի», ռազմական հետախուզության եւ վարչապետի գրասենյակի կոորդինացմամբ։ Ըստ էության, Իսրայելն իր ավանդական (հակաարաբական, հակաիսլամական) արտաքին քաղաքական գծից զատ ներկայում փորձում է ազդեցության ոլորտներ գտնել ամբողջ աշխարհում, որտեղ դա հնարավոր է, եւ չի սահմանափակվում տարածաշրջանային-աշխարհագրական սահմաններով։ Բացի այդ՝ նա ԱՄՆ-ի հետ զուգահեռ շարժվում է դեպի Կենտրոնական Ասիա, որպեսզի այնտեղ կարողանա հզոր պատնեշներ ստեղծել ընդդեմ արաբական եւ իսլամական ազդեցության աճի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը