Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները որոշել են վերանայել պարտադիր հիջաբ կրելու մասին օրենքը։ Այդ հարցով աշխատանքներ են տարվում, առաջիկա շաբաթների ընթացքում համապատասխան առաջարկներ կներկայացվեն խորհրդարան։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին էլ հայտնել է, որ 1979-ին Իսլամական հեղափոխությունից հետո ընդունված երկրի Սահմանադրությունն ամենայն հավանականությամբ կվերանայվի։
Իրանի ՆԳՆ-ն չի հաստատել բարքերի ոստիկանության լուծարումը
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Իրանում ցուցարարները, փորձելով ուժեղացնել ճնշումն իշխանությունների վրա, հայտարարել են դեկտեմբերի 5-ից եռօրյա գործադուլ սկսելու մտադրության մասին:
Ավելի վաղ Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ բարքերի ոստիկանությունը լուծարվել է: Իրանի ներքին գործերի նախարարությունը, որի կազմի մեջ է բարքերի ոստիկանությունը, չի հաստատել այս տեղեկությունը, իսկ Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի դատական իշխանության իրավասությունների մեջ չէ տվյալ կառույցի վերահսկողությունը:
Իրանում բախումներով եւ անկարգություններով ուղեկցվող բողոքի ցույցերը սկսվել են 11 շաբաթ առաջ՝ 22-ամյա քուրդ աղջկա՝ Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Ավելի վաղ բարքերի ոստիկանության աշխատակիցները գլխաշորը սխալ կապելու համար ձերբակալել էին երիտասարդ աղջկան, որը ոստիկանական տեղամասում մահացել էր անհայտ հանգամանքներում: Բողոքի ցույցերի ընթացքում մահացել են հարյուրավոր մարդիկ, նրանց թվում՝ իրավապահներ: Իրանի իշխանությունները երկրում տեղի ունեցող խռովությունները հրահրելու համար մեղադրում են արեւմտյան երկրներին՝ նշելով, որ նրանք ցույցերն օգտագործում են Իրանի ներքին գործերին միջամտելու համար: