Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի հակամարտության կարգավորման միակ ճանապարհ է անվանել բանակցությունները:
Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան եւ արեւմտյան մյուս պետությունները չեն ցանկանում ոչնչացնել Ռուսաստանը։ Նա նաեւ ընդգծել է, որ անմիջական կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Լուծման միակ ճանապարհը բանակցություններն են. ես ռազմական տարբերակ չեմ տեսնում»,- ասել է Մակրոնը, միաժամանակ խոստացել, որ այդ հարցում ճնշում չի գործադրի Կիեւի վրա։ «Ուկրաինացիներն իրենք պետք է որոշում ընդունեն»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը: Մակրոնը նշել է, որ բանակցությունների էական մաս է Ռուսաստանին երաշխիքների տրամադրումը՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ընդլայնմանն առնչվող Մոսկվայի մտահոգությունները:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ նշել է, որ բանակցություններն օրակարգում չեն լինի, քանի դեռ Ռուսաստանի իշխանությունները հետաքրքրված չեն դրանց առաջընթացով։ Ըստ Բլինքենի՝ դիվանագիտության արժեքները կարեւոր են ցանկացած հակամարտության լուծման համար, եթե ներգրավված կողմերը դրանում շահագրգռված են։