Լոռու Դեբետ գյուղում նախադպրոցական տարիքի երեսուն երեխա մանկապարտեզ չի հաճախում։ Ներկա շենքային պայմաններում հնարավոր է կրթություն ապահովել միայն քսան երեխայի համար։ Արդեն երրորդ տարին մանկապարտեզի շենքի վերակառուցման ծրագրի հայտը տարբեր պատճառներով մերժվում է։
Համայնքը վերակառուցումը նախատեսում էր իրականացնել սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համատեղ ներդրումով, որտեղ որպես երրորդ կողմ, հաջակցություն համայնքի, մասնակցելու էր նաեւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը։
«Արդեն երրորդ անգամ մանկապարտեզի վերակառուցումը դուրս է մնում սուբվենցիոն ծրագրից։ Առաջին երկու տարիներին ՔՈԱՖ-ն էր նախահաշիվ ներկայացնելու, չհասցրինք։ Իսկ այս տարի սուբվենցիոն ծրագրի ժամանակացույցն էր փոխվել, հաջորդ տարվա համար տվյալները պետք է հունիս-հուլիսին ներկայացվեին։ Ուշ իմացանք, որ ՔՈԱՖ-ը ֆինանսական ներդրումը չի կարողանում կատարել գումարի բացակայության պատճառով»,- ասում է Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը:
Նոր մանկապարտեզ ունենալու համար 60 մլն դրամ է հարկավոր։ Սա 60 երեխայի համար նախատեսված շենքի նախահաշվային արժեքն է։ Ըստ Անուշ Սարգսյանի՝ արդեն Կառավարությանն են դիմել, որովհետեւ գյուղում մանկապարտեզի բացակայությունը հրատապ խնդիր է դարձել։ Թե՛ Արցախից տեղահանված բազմազավակ եւ թե՛ դեբետցի այլ ընտանիքների երեխաներ զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից․ առաջնահերթությունը տրվում է աշխատող ծնողների երեխաներին։ «Իսկ սա հանգեցնում է խտրականության»,- ասում է վարչական ղեկավարը։
Մինչ համայնքապետարանը ներդրումներ է փնտրում մանկապարտեզի վերակառուցման եւ արդիականացման համար, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Դեբետի դպրոցի վերակառուցման ծրագիրն է իրականացնում։
Հին շենքը քանդվել է, նորի կառուցումը, ըստ Դեբետի վարչական ղեկավարի, հավանաբար կմեկնարկի 2023-ի գարնանը։
Գյուղի աշակերտների դասապրոցեսի կազմակերպումը դեռեւս կշարունակվի ՍՄԱՐԹ կենտրոնում։
Դեբետը Փամբակ խոշորացված համայնքի 15 բնակավայրերից մեկն է։ Մեկ տարի առաջ գյուղի վարչական ղեկավարի պաշտոնը ստանձնած Անուշ Սարգսյանը խնդիրները դասակարգում, բայց դրանց բոլորի լուծումն էլ հրատապ է համարում։
2023-ին հիմնանորոգվելու է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 մայրուղուց սկսվող, Եղեգնուտ եւ Դեբետ գյուղերի միջով անցնող մարզային նշանակության ավտոճանապարհի 8,3 կմ երկարությամբ հատվածը մինչեւ Դսեղի եւ Դեբետի խաչմերուկ։ Ծրագրում ներառված է նաեւ Դեբետի 2-րդ փողոցի հիմնանորոգումը։
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի պետբյուջեի համաֆինանսավորմամբ մոտ 800 մլն դրամ արժողության այս ծրագիրը դեռ 2022-ի գարնանը պիտի ավարտված լիներ։ Կապալառու կազմակերպության սնանկ ճանաչվելու հետեւանքով այն ամբողջությամբ չի իրագործվել։
Հիմա արդեն ծրագրի միակ ներդրողը Հայաստանի Կառավարությունն է։
Չնայած վերջին տարիներին գյուղի զարգացմանն ուղղված մեծ ներդրումներին՝ Դեբետում կենսական մի շարք խնդիրներ դեռեւս չլուծված են մնում։
Վարչական ղեկավար Անուշ Սարգսյանն ասում է՝ զարգացումն առանց խնդիրների չի կարող լինել։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։