ՄԻՊ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։
Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ Պետդեպարտամենտի գործադրած ջանքերի համար եւ ներկայացրել է այն դժվարությունները, որոնցով անցնում են ընտանիքները՝ նկատի ունենալով նաեւ ադրբեջանական կողմի ստեղծած տեղեկատվական սադրիչ միջավայրը։
Փոխտեղակալ Օլսոնը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել բազմաթիվ հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ, ներառյալ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման եւ այլն։
Պաշտպանը փոխտեղակալին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի արտահերթ զեկույցները, որոնցում փաստագրել ու վերլուծել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հարձակման ընթացքում ու դրանից հետո մարդու իրավունքների շարունակական խախտումները, հարձակման ենթարկված համայնքներում ապրող մարդկանց հումանիտար խնդիրները, հատուկ մեթոդաբանությամբ Պաշտպանի աշխատակազմի հաստատած պատերազմական հանցագործության փաստերը:
ՄԻՊ-ը ներկայացրել է նաեւ Ադրբեջանում իրենց պահման ընթացքում խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի փաստերի մասին հայրենադարձված ռազմագերիների վկայությունների հիման վրա արված հետեւությունները։ Պաշտպանը կարեւորել է կատարված հանցանքների համար պատասխանատուների պատասխանատվության ու պատժի անխուսափելիության հարցը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունի հանցագործը։
Էրիկա Օլսոնը կարեւորել է Պաշտպանի հաստատության աշխատանքը եւ շնորհակալություն հայտնել կարեւոր տեղեկությունները ժամանակին եւ անաչառ կերպով ներկայացնելու համար։