Մենք երբեք չենք կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, քանի դեռ չենք փոխել մեր վերաբերմունքը ռազմարվեստի եւ բանակի նկատմամբ։ Մեծ հաշվով մեր միջավայրում լուրջ ռազմական մշակույթ գոյություն չունի, փոխարենը տիրապետող են պարզունակ ֆիդայականությունը, վուլգար ճառերը, տարերային սխրանքները, ցեղասպանվածի բարդույթով անբովանդակ երգերը եւ էթնիկ բնազդների վրա խարսխված հպարտությունը։ Այս դրսեւորումները բնութագրվում են արհեստածին մի եզրույթով՝ ռազմահայրենասիրությամբ։
Ղարաբաղյան վերջին պատերազմը հստակ ցույց տվեց, որ օսմանահպատակ հայդուկների եւ սովետական ճարպակալած գեներալների արդեն իսկ չարչրկված մեթոդաբանությամբ հնարավոր չէ որեւէ լուրջ արդյունք արձանագրել։ Պարզ դարձավ նաեւ, որ այս հին մտածողությունը հանգեցնելու է նոր աղետների եւ կորուստների։
Իմ համոզմամբ՝ պետության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է միլիտարիզացնել հանրությանը, այլ խոսքով՝ ռազմական արվեստը դարձնել հայաստանցու ինքնության էական տարրերից մեկը։ Առաջարկն այս ամենեւին էլ չպետք է շփոթել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի Ազգ-բանակ կոնցեպտի հետ, որն ընդամենը ֆիդայականության եւ բանվորագյուղացիական բանակի անհաջող վերարտադրության փորձ էր։
Կոնցեպտն այդ քաղաքական իմաստով տոտալիտար կրոնի նախագիծ էր, որը լեգիտիմացնում էր արատավոր բարքերն ու անարդարությունը։ Դրա գաղափարական փակուղին հայ երիտասարդի մարտիրոսացումն էր եւ որպես վերջնական արդյունք՝ պաշտամունքը վախճանաբանական քայքայիչ արժեքների։ Այս ամենը կապ չունի ռազմական մշակույթի եւ ազգային պայքարի հետ։
Ազգ-բանակ կոնցեպտի գաղափարական մերկության վառ ապացույցը դրա գաղափարախոսի ցինիկ երեսպաշտությունն է, քանի որ հայ երիտասարդներին նահատակության ուղարկող Վիգեն Սարգսյանը կյանք է վայելում ԱՄՆ-ում, մասնավորապես՝ միլիոնավոր դոլարներ արժեցող լողավազանով առանձնատանը։
Վերադառնալով իմ առաջարկին՝ ուզում եմ ընդգծել, որ հանրության ռազմականացումը պետք է միահյուսվի ժողովրդավարության եւ մարդկանց քաղաքացիական ազատությունների հետ, այլ ոչ թե իրագործվի դրանց հաշվին կամ էլ իրավունքների ոտնահարման նպատակով։ Ժողովրդավարությունն ու հայրենիքի պաշտպանությունը հակադիր արժեքներ չեն։ Ի դեպ, հենց այս հակադրությունն էր Ազգ-բանակի ամենաքայքայիչ ազդակներից մեկը, որը պետության անվտանգությունը առկախում էր ավտորիտար առաջնորդի քմահաճույքից։ Իսկ սրա կործանարար հետեւանքն այն էր, որ ուժեղ եւ կոմպետենտ գլխավոր հրամանատարի բացակայությամբ կանոնավոր զորքը փոխակերպվեց ֆիդայական բարդակի։
Ռազմական մշակույթի արմատավորման կարեւորագույն նախապայմանը ռազմական պատմության առկայությունն է։ Հայ ժողովուրդը չունի ռազմական պատմագիտություն, ավելին՝ ռազմարվեստը, ռազմավարությունն ու մարտավարությունը, հմուտ ռազմական գործիչները երբեւէ չեն արժեւորվել մեր միջավայրում։
Հայ ժողովրդի մեծագույն հերոսներից մեկը Մոնթե Մելքոնյանն է, ժողովուրդն իսկապես նրան սիրում է, բայց մատների վրա կարելի է հաշվել այն անհատներին, որոնք տեղյակ են, թե ինչ ռազմագործողությունների է մասնակցել Ավոն, մարտավարական ինչ որոշումներ է կայացրել եւ այլն։ Ուղղակի հենց այնպես սիրում են, որովհետեւ ազնիվ է եւ չի թալանել։
Միգուցե այս խղճուկ աշխարհայացքի պատճառներից մեկը սովետական տիրապետությունն է, քանի որ տասնամյակներ շարունակ հայերին կերակրել են կոմունիստական կուսակցության կողմից թույլատրելի ազգայնականությամբ, որի համակարգում տիրապետող են հիմնականում գոյություն չունեցող եւ միֆական հերոսները։
Վերցնենք մարշալ Հովհաննես Բաղրամյանին, Վարդան Մամիկոնյանին եւ Սասունցի Դավթին, որոնց արձանները կանգնեցվել են Երեւանում՝ դառնալով մայրաքաղաքի խորհրդանիշները։ Առաջինը սովետական զինվորական է եւ որեւէ առնչություն չունի ազգային բանակի եւ անկախության գաղափարների հետ։ Երկրորդն ընդամենը եկեղեցական սուրբ է, որի շուրջը հյուսված ավանդությունը ոչ միայն հավաստի չէ, այլ նաեւ արժեզրկում եւ կազմաքանդում է պայքար ու հաղթանակ երեւույթները որպես այդպիսին։ Ինչ վերաբերում է Դավթին, նա էլ դիցաբանական եւ միֆական հերոս է։
Ամենեւին չեմ պնդում, թե վերոհիշյալ կերպարները չպետք է արժեւորվեն։ Ընդհակառակը, դրանք մեր պատմության եւ մշակույթի անբաժան բաղադրիչներն են, մեկը խորհրդանշում է սովետական անցյալը, մյուսը՝ հայաստանցու քրիստոնեական էությունը, իսկ երրորդը մեր ժողովրդի ստեղծած ամենաարժեքավոր հուշարձանի՝ ազգային էպոսի գլխավոր դերակատարներից մեկն է։ Բայց երբ քաղաքական ազգի ինքնությունը կառուցարկվում է բացառապես հենց այս անգո եւ անմարմին արժեքների վրա, իրականությունն էլ դառնում է դիցաբանական ու պատրանքային։
Մարշալ Բաղրամյանը հայ զինվորականների սիրելի զորավարներից մեկն է։ Նրանց գերակշռող մասը ոչինչ չգիտի մարշալներ Ռոկոսովկու կամ էլ Վասիլեւսկու մասին, երբեւէ չեն լսել Մանշտեյնի եւ Ռոմելի մասին, Նապոլեոնն էլ ընդամենը թխվածք է։ Իսկ Բաղրամյանին սիրում են ոչ թե նրա ղեկավարած օպերացիաները հետազատելու արդյունքում, այլ պարզապես որ հայկական ծագում ունի։ Այսինքն՝ տիրապետող է գավառական էթնիկ հպարտությունը եւ մեխանիկական, բնազդային նույնականացումը՝ առանց հասկանալու, որ մարշալ Բաղրամյանը պատկանում է սովետական իրականությանը եւ որեւէ աղերս չունի հայ ռազմական ավանդույթի հետ։
Բնական է, որ սովետական տարիներին Երեւանում չեն կանգնեցվել Սմբատ գունդստաբլի, Զաքարե Ամիրսպասալարի, Վահան Մամիկոնյանի կամ Մովսես Սիլիկյանի արձանները, բայց տարօրինակ է, որ վերոհիշյալները չեն արժեւորվել նաեւ անկախ Հայաստանում, որտեղ իներցիայի ուժով ռազմարվեստի պատմությունը սահմանափակվում է միֆական թուրկեծակիով, աշխարհակալ Տիգրան Մեծով եւ սուրբ Վարդանի բարոյական հաղթանակով։
Պարզունակ այս պատկերացումները ձեւախեղում են պատերազմի էությունն ու դրա հանրային ընկալումը։ Նախեւառաջ մաթեմատիկայի եւ գիտության վրա խարսխված գործընթացը փոխակերպվում է տարերային սխրանքի ձգտման։ Այսինքն՝ մենք կհաղթենք ոչ թե մտքի, հնարամտության եւ պլանավորված աշխատանքի ներգործությամբ, այլ եթե ժառանգենք Բաղրամյանի գենը, եթե ինչ-որ մեկը հրաշք գործի, ինքն իրեն պայթեցնի, միայնակ գայլի դերի մեջ մտած ոչնչացնի հակառակորդին եւ այսպես շարունակ։
Բնականաբար այսպիսի աշխարհընկալմամբ պատերազմը արագորեն փոխակերպվում է բարոյալքման, տարերային դասալքության եւ հազարավոր տղաների նահատակման։
Ամենեւին էլ չեմ պնդում, թե անհատական քաջությունը կամ էլ հերոսական արարքները անկարեւոր են, պարզապես դրանք իմաստազրկվում են, երբ ամբողջ գործընթացը կառուցարկվում է միայն իռացիոնալ եւ տարերային սխրանքի վրա։
Ռազմական մշակույթի կարեւորագույն բաղադրիչներից մեկը զինվորական էթիկայի եւ կանոնադրության առկայությունն է։ Կամավորներն ու մոբիլիզացված քաղաքացիները որեւէ կերպ չեն հասկանում, որ բանակում իրենք այլեւս ազատ քաղաքացիներ չեն։ Համազգեստը կրում են փնթի կամ էլ մարտական հերթապահության են մեկնում սվիտերներով ու բոթասներով, խախտում են զինվորական աստիճանակարգությունը, չեն ենթարկվում հրամաններին։
Նման դրսեւորումներ առկա են նաեւ կանոնավոր բանակում, որտեղ խիստ ու գրագետ սպան ընդամենը բոզ է, իսկ զինվորների քմահաճույքները բավարարողը՝ կարգին տղա։ Այսինքն՝ զինվորական կոդեքսներ ընդհանրապես գոյություն չունեն։
Չունենք նաեւ ռազմական երգեր եւ մարշեր։ Մեր բանակի հիմնը ընդամենը հայրենիքի էմոցիոնալ փառաբանություն է, մեր զինվորները հրետանու եւ կամբատի մասին երգելու փոխարեն սգում են Գետաշենի կորուստը, արթնացնում են Լաոյին, Գեւորգ Չաուշին եւ դաշնակ Դրոյին։
Իսկապես մենք հեռու ենք ռազմական արվեստից եւ այսպիսի աշխարհայացքով ու մտածողությամբ տանուլ ենք տալու նաեւ ապագա պատերազմում՝ այս անգամ կորցնելով Հայաստանը։ Նույնիսկ Նժդեհի աֆորիզմներն ու մարշալ Բաղրամյանի գենը չեն կարող փրկել։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։