Ըստ The New York Times պարբերականի՝ նախօրեին ՌԴ Ռյազանի մարզի Դյագիլեւո եւ Սարատովի մարզի Էնգելս օդանավակայանների վրա հարձակում կատարած անօդաչու թռչող սարքերն օդ են բարձրացվել ուկրաինական տարածքից։ Առնվազն հարվածներից մեկը ուկրաինական հատուկ նշանակության ստորաբաժանումներն են հասցրել, որոնք գտնվել են բազայից ոչ հեռու եւ ուղղորդել են անօդաչուին։
Հարձակումները ցույց են տալիս, որ Կիեւը պատրաստ է թիրախավորելու ռուսական ռազմական բազաները Ռուսաստանի տարածքի խորքային մասերում, ինչպես նաեւ պատերազմի ինն ամիսների ընթացքում առաջին անգամ Կիեւը «հասկացրել է», որ կարող է նման մեծ տարածություններ հաղթահարելով հարվածներ հասցնել։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ հարձակումները փորձել են իրականացնել խորհրդային արտադրության ռեակտիվ անօդաչուների միջոցով՝ նպատակ ունենալով շարքից դուրս բերել ռուսական ռազմաօդային ուժերի հեռագնա ավիացիայի օդանավ։ Ռուսական կողմը նաեւ հավաստիացնում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցների օգնությամբ հնարավոր է եղել «որսալ» այդ անօդաչուները եւ արդեն խոցված անօդաչուների ընկնելուց հետո, վերջինիս մնացորդներն են վնասել ռուսական եւկու ինքնաթիռներ։ Տեխնիկական անձնակազմի երեք զինվորական զոհվել է, չորսը՝ վիրավորվել։
Էնգելս օդանավակայանը՝ Պրիվոլժյան դաշնային շրջանում, ռուսական գերձայնային ռազմավարական հրթիռակիր Ту-160 կործանիչների, ինչպես նաեւ ռազմավարական հրթիռակիր Ту-95. Ту-95МС ռմբակոծիչ ինքնաթիռների բազան է։ Ինքնաթիռները մաս են կազմում ռուսական միջուկային զինանոցի։ Այս օդանավակայանից, ըստ ուկրաինական կողմի հավաստման, իրականացվում են հարձակումները ուկրաինական ենթակառուցվածքների վրա։
Դյագիլեւո օդանավակայանը Մոսկվայից հեռու է 200 կմ-ով։ Երկու օբյեկտներն էլ ուկրաինական սահմանից 483-724 կմ հեռավորությամբ են եւ դուրս են ուկրաինական զինանոցի հրթիռների հեռահարության գոտուց։
Կիեւը պաշտոնապես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն նախօրեին ռուսական կողմը վերստին հարվածել է ուկրաինական ենթակառուցվածքներին՝ Չերկասկի, Զապորոժիեի, Կիեւի, Վիննիցայի, Օդեսայի մարզերում, Խարկովում եւ Խերսոնում։ Հարձակման հետեւանքով Օդեսայում, Ժիտոմիրում եւ Նիկոլաեւում էլեկտրականությունը մասնավորապես անջատվել է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը