Ըստ իրանական Iran International պարբերականի՝ Իրանի խորհրդարանի պատգամավոր եւ խորհրդարանի մշակութային հանձնաժողովի անդամ Հոսեին Ջալալին հայտարարել է, որ հիջաբի պարտադիր կրումը երբեք չի վերացվի: Ավելին, ըստ նրա, հիջաբ չկրող կանանց բանկային հաշիվները կարող են արգելափակվել:
Ջալալին հայտնել է, որ «երկու շաբաթվա ընթացքում գլխաշորերը կվերադառնան կանանց գլխին»: Նա հաստատել է, որ գործող իշխանությունները որոշումներ են ընդունել հիջաբ կրելու կանոնների վերաբերյալ:
«Հնարավոր է, որ հիջաբ չկրող կանանց տեղեկացնեն SMS-ի միջոցով՝ հորդորելով հարգել օրենքը։ Նրանց ծանուցելուց հետո մտնում ենք նախազգուշացման փուլ… Իսկ երրորդ փուլում գլխաշոր չկրող կնոջ բանկային հաշիվն, ըստ ամենայնի, կարգելափակվի»,- ընդգծել է Ջալալին։
Իրանում վերջին օրերին հիջաբ կրելու վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են տարածվում: Դեկտեմբերի 3-ին Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ-Ջաֆար Մոնթազերին հայտնել էր, թե «բարքերի ոստիկանությունը» լուծարվել է, սակայն երկրի ՆԳՆ-ն չհաստատեց դա: Այնուհետեւ արտասահմանյան եւ իրանական լրատվամիջոցները սկսեցին մեկնաբանություններ անել հարցի շուրջ՝ ինչպես են Իրանի իշխանությունները մտադիր կիրառել հիջաբ կրելու վերաբերյալ կանոնները եւ միաժամանակ խաղաղեցնել ցուցարարներին: