ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե վստահ չէ, որ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ: Նա նշել է, որ խաղաղության կամ հարաբերությունների հաստատման կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են: Ըստ նախարարի՝ նոր խմբագրությամբ փաստաթուղթ է շրջանառվում:
«Այժմ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, հանդես կգանք մեր հերթական առաջարկներով: Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռեւս շատ հեռու են իրարից, բայց նաեւ հենց դրա համար են բանակցությունները, որ կարողանանք հեռու դիրքորոշումների միջեւ ընդհանուր եզրեր գտնել եւ ունենալ համատեղ արդյունք»,-շեշտել է Միրզոյանը:
ՀՀ արտգործնախարարը հավելել է, որ կան միմյանց համար անընդունելի հատվածներ: Ըստ նրա՝ կան հատվածներ, որտեղ կողմերը կարող են միմյանց ընդառաջ քայլեր անել: Այս պահին մինչեւ տարեվերջ արտգործնախարարների միջեւ հանդիպում նախատեսված չէ:
«Մեր մտադրությունը, մեծ հաշվով, ուժի մեջ է: Աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության եւ այս համապարփակ կարգավորմանը»,- եզրափակել է Միրզոյանը: Ըստ նախարարի՝ եթե նույնիսկ չստացվի մինչեւ տարեվերջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո: