Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2014 թվականին կնքված Մինսկյան համաձայնագրերը Ուկրաինայում հակամարտությունը «սառեցրին» եւ ոչ թե կարգավորեցին, եւ շնորհիվ այդ համաձայնագրերի Կիեւը ժամանակ շահեց, որ հզորանա։
Die Zeit պարբերականի հետ զրույցում նախկին կանցլերն ասել է․ «2014 թվականի Մինսկյան համաձայնագրերը փորձ էին Ուկրաինային ժամանակ տալու։ Վերջինս օգտագործեց այդ ժամանակը, որ հզորանա, ինչպես որ հիմա տեսնում եք։ 2014-2015 թվականների Ուկրաինան այն Ուկրաինան չէր, որը դուք տեսնում եք այսօր։ ․․․Ես խիստ կասկածում եմ, որ այն ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները կկարողանային Ուկրաինայի համար անել այն ամենը, ինչ անում են այսօր»։
Անդրադառնալով «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարությանը՝ նախկին կանցլերն ասել է, որ հաստատման հայտը ներկայացրել է ոչ թե գերմանական դաշնային կառավարությունը, այլ ընկերությունները։ «Վերջին հաշվով դաշնային կառավարության եւ անձամբ ինձ համար դա որոշելիք հարց էր, թե արդյոք մենք նոր օրենք ենք ընդունելու որպես քաղաքական գործողություն, որով ուղղակիորեն հրաժարվելու ենք «Հյուսիսային հոսք 2»-ի հաստատումից»,- ասել է նա՝ հավելելով, որ այն ժամանակ նման կտրուկ մերժումը Մինսկյան համաձայնությունների համադրությամբ կարող էին բավականին վատացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք լի կարող էին լինել վտանգներով։
Մերկելը նաեւ նշել է, որ «էներգետիկ քաղաքականությունից կախվածությունը ձեւավորվել է Նիդերլանդներից եւ Մեծ Բրիտանիայից ստացվող գազի փոքր ծավալների եւ Նորվեգիայում գազի արդյունահանման սահմանափակ ծավալների պատճառով»։ ԱՄՆ-ը այն ժամանակ հեղուկացված գազի մատակարար չէր։ Սեփական արդյունահանման ծավալների սահմանափակության պայմաններում Բեռլինը, ըստ նրա, ստիպված էր լինելու գազ գնել Կատարից եւ Սաուդյան Արաբիայից, ինչն էականորեն վատթարացնելու էր Գերմանիայի մրցունակությունը։ «Հիմա՝ պատերազմական պայմաններում, դա այն է, ինչին ես աջակցում եմ, սակայն այն ժամանակ դա ավելի մեծ մասշտաբի քաղաքական որոշում կլիներ»։
Անգելա Մերկելը խոստովանել է, որ 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավմանը միջազգային հանրությունը բավարար խստությամբ չի արձագանքել։ Իհարկե, որոշակի քայլեր արվել են, ինչպես, օրինակ՝ Ռուսաստանի այն ժամանակվա «Մեծ ութնյակից» (այժմ՝ «Մեծ յոթնյակ») հեռացումը, Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ական զորքերի տեղակայումը, ՆԱՏՕ-ում ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսին հասցնելու որոշումը եւ այլն։ Սակայն, ըստ Մերկելի, միջազգային հանրությունը հարկ էր, որ ավելի արագ արձագանքեր ռուսական ագրեսիային։
Խոսելով ռուս-ուկրաինական ներկա պատերազմի ավարտի հեռանկարների մասին՝ Գերմանիայի նախկին կանցլերն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել միայն բանակցությունների սեղանի շուրջը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը